Հուսով եմ՝ մեր Սահմանադրությունը կպաշտպանի ՀՀ-ին Ստամբուլյան կոնվենցիայից․ Արա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 05, 24News

1

Հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա առթիվ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ:

Հուսով եմ, մեր երկրի Սահմանադրությունն ի վիճակի կլինի պաշտպանել Հայաստանին ստամբուլյան կոնվենցիայից, ինչպես Բուլղարիայի Սահմանադրությունը պաշտպանեց Բուլղարիային:

Որևէ միջազգային պայմանագիր չի կարող՝
- ՍՏԻՊԵԼ հզոր Բաբելոնին մերժած և Բելի մեծաքանակ բանակի նկատմամբ իր փոքրաթիվ զորախմբով հաղթանակ տարած Հայկի սերունդներին՝ հրաժարվել իր ավանդույթներից և սովորույթներից․
- ՍՏԻՊԵԼ պաշտոնապես առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրին՝ մարդու բնական արական և իգական սեռերից բացի պաշտոնապես ընդունել և ճանաչել կենսաբանականից անկախ սոցիալական սեռ․
- ՍՏԻՊԵԼ ընտանիքի ամենակայուն մոդելն ունեցող ազգին՝ իրեն համարել պղծված բռնարար:

Հայ ազգի ավանդույթների և սովորույթների համատեքստում՝
- Հայրն ընտանիքի պաշտպանն է.
- Մայրն ընտանիքի սրբությունն է.
- Հայը խաղաղասեր է, հյուրասեր և արարող․
- Հայը բռնարար չէ, հայը երեխա կամ կին ծեծող չէ.
- Խորհրդային Հայաստանում նույնիսկ սթափարան (вытрезвитель) չի եղել, այն դեպքում, երբ ԽՍՀՄ մյուս պետություններն ունեցել են սթափարաններ:

Բարոյալքված ազգն ապագա չի կարող ունենալ:

«...Չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին», - ասում է Ս. Պողոս առաքյալը (Եբր. 12:3-4)

Ոչ բռնությանը, Ոչ ստամբուլյան կոնվենցիային»։