ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են կատարել հանցագործ աշխարհում հայտնի Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 38-ամյա Ալիկ Բանդուրյանին պատկանող Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տանը, որի ընթացքում հայտնաբերվել է օդաճնշիչ հրացան, «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացան, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ լրագրողի, Ա. Բանդուրյանը ոստիկաններին հայտնել է, որ նշված զենքերը պատկանում են իր հորը՝ Լյովա Բանդուրյանին։
Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են կատարել նաև հանցագործ աշխարհում օրենքով գող համարվող Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ՝ 49-ամյա Գևորգ Մելիքյանի (ով ավելի շատ հայտնի է Օշականցի Գևորիկ մականվամբ) տանը։ Ոստիկաններն այնտեղ հայտնաբերել են որսորդական հրացան։
Գ. Մելիքյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերված հրացանը պատկանում է իր կնոջը՝ Լ. Զ.-ին։
Նշված զենքերն առգրավվել են և նշանակվել է փորձաքննություն։
Խուզարկությունները կատարվել են դատարանի տված որոշմամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: