Ի՞նչ եք առաջարկում, լուծարե՞լ դատարանը, ձևավորել հեղափոխական տրիբունա՞. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

«Դատական բարեփոխումներ մեկնարկ տված է, բայց կարծում եմ, որ կհամաձայնեք, որ դա երկար պրոցես է, և դժվար կլիներ սպասել, որ այն ավարտվի ու նոր սկսենք դատական գործերի քննությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, որ այսօր աղմկահարույց դատական գործեր են քննվում, բայց հին համակարգով։ Նա հույս հայտնեց, որ ՀՀ յուրաքանչյուր դատավոր այս կամ այն գործը քննելիս առաջնորդվում է բացառապես ՀՀ օրենքներով։

«Հույս ունեմ, որ դատարանները թույլ չեն տան հանրությանը խորացնել անվստահությունը դատական համակարգի նկատմամբ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումներին, նա նշեց, որ այս խնդրի շուրջ տարբեր մարդիկ, նույնիսկ, իրավաբանները, ունեն տարբեր կարծիքներ։

«Իհարկե, գայթակղությունը շատ մեծ է, գուցե այդպիսի հանրային պահանջարկ կա՝ կացինով լուծել այս կամ այն հարցը, բայց մենք՝ որպես իշխանություն, չենք կարող գնալ այդ ճանապարհով, չենք կարող անտեսել միջազգային պարտավորություններ, գործող իրավակարգավորումները։ Առավելապես ինձ՝ որպես հեղափոխական ճանապարհ անցած մարդու, կարող է հեշտ թվալ լուծումը, բայց վստահ եմ, որ պետությունը պետք է զարգանա իրավական ճանապարհով»,- նշեց Միրզոյանը։

ԱԺ նախագահի հասկանում է, որ դատարաններին նկատմամբ կա անվստահություն և գիտակցում է, որ ցանկացած դատավոր պետք է առաջնորդվի նրանով, ինչ գրված է։

«ՍԴ-ում իրավական անվտանգության խնդիր կա, այդ խնդիրն օր առաջ պիտի լուծենք, բայց դա պետք է չլուծվի որևէ մեկի քմահաճույքով, այլ պետք է լինի իրավական լուծում, որպեսզի չկանգնենք ավելի մեծ ճգնաժամի առաջ, քան այն է, որից ցանկանում ենք դուրս գալ»,-ընդգծեց Միրզոյանը։

Հարցին՝ ստացվում է՝ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի նամակը իրավական հիմք չէր պարունակում, Միրզոյանն արձագանքեց, թե Գրիգորյանի տեսակետը հնչելուց հետո մի շարք իրավաբաններ էլ այլ կարծիքներ ասացին։

«Իրավաբաններն ասացին, որ օրենքի նման մեկնաբանությունը սխալ է, քանի որ չափազանց տառացի է: Այլ տեսակետներ էլ հնչեցին ՍԴ գործունեության ընթացում՝ կապված վերջին գործի քննության հետ, Վենետիկի հանձնաժողով ուղարկելու, մի քանի օր շարունակ այդ գրության հայերեն տարբերակը չունենալու, ինչը շատերի համար տարօրինակ էր, քանի որ գրությունն իրենց մոտ էր գրվել։ Նման ու մի շարք այլ բաներ շատ խոցելի են դարձնում տեսակետը, թե սա շատ նորմալ ՍԴ է, որը գործում է իրավասության շրջանակում։ Բայց էլի եմ ասում, որ պետք է ունենանք 100 տոկոս վստահություն, իրավական անխոցելիություն, որովհետև այլ կերպ պետություն չեն կառուցում: Չէ՞ որ մենք հեղափոխություն ենք արել պետություն կառուցելու համար»,-շարունակեց Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը, խոսելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին, ասաց․ «Եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին կամ այլ դատապարտյալի, մեր`իշխանության պատասխանատվությունն, այդտեղ չկա: Բայց ես ուզում եմ ասել, որ չենք կարող հիասթափեցնել քաղաքացիներին այն բանում, ինչ չենք խոստացել: Մենք չենք խոստացել, որ վերցնելու ենք և ցուցակով ձերբակալելու»։

Լրագրողները Միրզոյանին հիշեցրին, որ իշխանությունը խոստացել էր բացահայտել Մարտի 1-ը, ավելին՝ հայտարարել էր, որ բացահայտված է, ինչին ի պատասխան Միրզոյանն ասաց․ «Գործը քննվում է: Ի՞նչ եք առաջարկում, վերցնենք ու որոշենք դատարանն անաչառ չէ՞, լուծարե՞լ դատարանը, ձևավորել հեղափոխական տրիբունա՞»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news