Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու պատճառը դատավորի դրսևորած վարքագիծն է։

«Մենք պատրաստվում ենք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Ձեզ, որովհետև մինչ այս պահը Ձեր կողմից դրսևորած կամայականություններն ամբողջությամբ հիմք են տալիս մեզ պնդելու, որ այս գործով Դուք ի վիճակի չեք իրականացնելու արդարադատություն, քանի որ գտնվում եք այն թևի ազդեցության տակ, որն այսօր քաղաքական հետապնդում է իրականացնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ», - դատարանում հայտարարեց Ալումյանը։

Նրա խոսքով, միջնորդությունը պատրաստելու համար անհրաժեշտ է լինելու մեկ օր։

Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 7-ը, ժամը 13:00։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ (Շենգավիթի նստավայր), այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քորչարյանի փաստաբանական թիմի միջնորդությունը նրա նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ: