ԱԱԾ-ն բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն դեպք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 21, 24News

ՀՀ  ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու («մայնինգ») դեպք:

ԱԱԾ-ից  հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում որպես էլեկտրաէներգիա սպառող բաժանորդ գրանցված չլինելով, ապօրինի օգտագործելով էլեկտրաէներգիա, ՀՀ-ում գործող հիդրոէլեկտրակայաններից (ՀԷԿ) մեկի տարածքում տեղադրված կրիպտոարժույթ թողարկող սարքավորումներով («ֆերմա») զբաղվել է «մայնինգով»՝ կրիպտոարժույթի ստացմամբ եւ թողարկմամբ: Նշված գործունեության արդյունքում 1.5 տարվա ընթացքում ապօրինի սպառվել է ավելի քան 1.7  մլն կիլովատտ էլեկտրաէներգիա՝ շուրջ 73 մլն ՀՀ դրամ արժեքով:

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հաշվարկվում է պետությանը եւ ՀԷՑ-ին պատճառված վնասի չափը, միջոցներ են ձեռնարկվում ապօրինի գործունեությունն իրականացրած անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ: