Էրդողանը հրաժարվել է ընդունել, որ Թուրքիան անազատ մամուլի և ազատազրկված լրագրողի երկիր է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

.

Միացյալ Նահանգներում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել «Fox News» հեռուստաալիքի եթերում: Երբ հաղորդավար Բրեթ Բայերը նշել է, որ ձերբակալված ամենաշատ լրագրողները գտնվում են Թուրքիայում, Էրդողանն ակնհայտորեն նյարդայնացել է և սկսել հանդիմանել:

«Դուք հիմա դատավորի նման եք խոսում և ոչ ամենևին լրագրողի պես: Խոսեք մի անգամ լրագրողի նման ու ինձնից ստացեք քաղաքական գործչի պատասխան»:

Չբավարարվելով կոշտ դիտողությամբ՝ Թուրքիայի ղեկավարը շարունակել է արտահայտել իր վրդովմունքը՝ հակադրվելով պատասխան հարցադրումով.

«Եթե պետական հեղաշրջման փորձին մասնակցած անձին կամ «ԻՊ»-ի անդամին ասեն լրագրող է ու ազատ արձակեն, դուք ԱՄՆ-ում դրան ի՞նչ կասեք, արդյո՞ք կասեք՝ ճիշտ է արվում»:

Թուրքիայում բանտարկված լրագրողների թվի մասին հաղորդավարի հնչեցրած տվյալներին ի պատասխան Էրդողանն ասել է, որ դրանք երևակայական թվեր են ու իրականում նման բան չկա՝ հրաժարվելով ընդունել, որ Թուրքիան անազատ մամուլի ու ազատազրկված լրագրողի երկիր է:

Հիշեցնենք, որ  ըստ «Թուրքիայի լրագրողների արհմիության» տվյալների՝ 2019-ի տարեսկզբի դրությամբ այդ երկրում կա կալանավորված է 144 լրագրող: Ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության տվյալների՝ 2018թ. ամենից մեծ թվով ազատազրկված լրագրողներ ունեցող երկրների ցանկում Թուրքիան առաջին տեղում է:

Իսկ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության կազմած զեկույցի համաձայն` Թուրքիան մամուլի ազատության ցուցանիշով 2018 թվականին 180 երկրների շարքում զբաղեցրել է 157-րդ տեղը:

Աղբյուր`    Ermenihaber.am