Բոլշևիկներն էին հոգևորականներին այդպես դիմում․ Աջապահյանն՝ իրեն «պարոն»-ով դիմելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Հասարակություն

«Երբեմն լինում են մանր թերություններով նամակներ, բայց սա գերազանցեց բոլոր սպասելիքները»,- 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով ՊԵԿ-ի կողմից Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմին ուղղված նամակում տեղ գտած ոչ պատշաճ դիմելաձևին ու սխալներին, ասաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

Մեզ հետ զրույցում սրբազանն ասաց, որ թերությամբ կամ սխալներով գրություններ էլի են ստացել (ազգանվան կամ անվան մեջ են վրիպում հիմնականում), բայց այս դեպքում սխալների փնջի են հանդիպել։

«Բովանդակությանը ծանոթ չեմ, չեմ կարդացել նամակը, ոչ էլ ցանկություն ունեմ կարդալու։ Տիտղոսաթերթը կարդալով՝ չկարողացա հասկանալ, թե ում է այն ուղղված, էլ ինչո՞ւ պետք է կարդայի։ Ես ուրիշի նամակները չեմ կարդում»,- նշեց թեմի առաջնորդը:

Աջապահյանն ասաց նաև, որ պարտադիր չէ՝ մարդը հավատացյալ կամ Հայ առաքելական եկեղեցու ջերմեռանդ հետևորդ լինի, որ տիրապետի՝ ինչպես դիմել հոգևորականին։ «Պետք է գրագիտություն ունենալ։ Այդ գրագիտությունը նույնիսկ խորհրդային վերջին շրջանի չինովնիկներն ունեին, իսկ այսպես դիմում էին 1920-30-ականներին։ Այն ժամանակ ուղղակի բոլշևիկները հոգևորականներին «պարոն»-ի փոխարեն «քաղաքացի»-ով էին դիմում»,- ընդգծեց Շիրակի թեմի առաջնորդը:

Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր առաջնորդարանին հասցեագրված Պետական եկամուտների կոմիտեի նամակը, որտեղ «առաջնորդ»-ի փոխարեն «տնօրեն» էին գրել, սրբազանին էլ դիմել «պարոնով»-ով։

Հասարակություն
Վրույր Սևակ