Արցախի մեկուսացումն անթույլատրելի է, մեկուսացումը պատերազմի շարունակումն է․ Մասիս Մայիլյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովի բացման ժամանակ Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ Արցախի մեկուսացումը և նրա քաղաքացիներին միջազգային համագործակցության հնարավորությունից զրկելն անթույլատրելի են։ 

Արցախի ԱԳ նախարարը նաև տեղեկացրել է, որ համաժողովի անցկացման գաղափարը ծնվել է մոտ երկու տարի առաջ, իսկ գաղափարի իրագործումը Արցախի և ՀՅԴ-ի արդյունավետ համագործակցության արդյունքն է։

«Մենք շնորհակալ ենք ձեզ բոլորիդ այն բանի համար, որ եղել եք մեր կողքին, երբ թվում էր, թե Արցախը դատապարտված է։ Դուք աջակցում եք կապերի զարգացմանը։ Ձեր ավանդը Արցախի զարգացման գործում անգնահատելի է։ Անկեղծորեն հավատում եմ մեր համագործակցության հեռանկարներին։ Դրա հիմքում է հավատարմությունն ընդհանուր արժեքներին եւ արդարության, խաղաղության եւ զարգացման ձգտումը»,-ասել է Մասիս Մայիլյանը։

Արցախի ԱԳ նախարարը նաև նշել է, որ միջազգային համաժողովի նպատակը կարծիքներ փոխանակելն է, ապա հույս հայտնել, որ արդյունքների հիման վրա կստեղծվի մշտապես գործող հարթակ։

«Հույս ունեմ, որ դա կդառնա ուղերձ այն մասին, որ Արցախի մեկուսացումն ու նրա քաղաքացիներին միջազգային համագործակցության հնարավորությունից զրկելն անթույլատրելի են։ Մեր խորին համոզմամբ՝ մեկուսացումը պատերազմի շարունակումն է։ Այնինչ, համագործակցությունը խաղաղության հիմքն է, եւ մեր ընդհանուր խնդիրն է աշխատանք տանել այդ հիմքի ամրապնդման համար, հանուն տարածաշրջանի ապագայի»,- ասել է Մասիս Մայիլյանը։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news