«Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման աշխատանքները մեկնարկել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակություն

Մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները։ Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով։ Ճանապարհահատվածի մանրամասն նախագծումը կիրականացնի միջազգային մրցույթում հաղթող ճանաչված իտալական «Այ Առ Դի Ինջենիրինգ եւ Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերությունը:

Նախագծող կազմակերպության մասնագիտական թիմը նախորդ շաբաթ հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների հետ, ծանոթացրել նշված հատվածի նախագծման ընթացքի մանրամասներին, կատարել ճանապարհի վերակառուցման հետ կապված առաջարկներ։ Ըստ պայմանագրի՝ նախագծման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն 15 ամսվա ընթացքում։ Նախատեսվում է ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնել 2021-23 թվականներին։

Հանդիպման ընթացքում հատուկ ընդգծվեց, որ Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը կարեւոր ծրագիր է թե՜ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի, թե՜ Հայաստանի համար։ Շեշտվեց, որ ճանապարհահատվածն ամենայն մանրակրկիտ կերպով պետք է նախագծվի, որպեսզի շինաշխատանքների մեկնարկից հետո նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն չառաջանա։ «Այ Առ Դի Ինջենիրինգ եւ Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ ընկերությունը մասնագիտացած է ճանապարհների, կամուրջների, թունելների նախագծման ուղղությամբ, ունի մեծ փորձ, եւ անելու են առավելագույնն այս նախագծի շրջանակներում լավագույն արդյունքի հասնելու համար։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են նաեւ տեղանքի կադաստրային քարտեզի, հողերի օտարման հետ կապված եւ բազմաթիվ այլ հարցեր։

Նախորդ շաբաթ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության, Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի եւ «Այ Առ Դի Ինջենիրինգ եւ Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերության ներկայացուցիչներն այցելել են նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4, տեղում ուսումնասիրել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը։

Վերադարձին կողմերն ամփոփել են այցելության արդյունքները, հստակեցրել աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։