Ո՞ւր է մետրոյի նոր կայարանի ներդրողը, քաղաքապետարանում շտապել են հայտարարություն անել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

«Այն ժամանակ ցույց տվեցին մեկ ներդրողի, ով ցանկություն ուներ այդ ուղղությամբ աշխատելու։ Ներդրողը մի քանի հարյուր միլիոն դոլար ազատ միջոց պետք է ունենա, որպեսզի կարողանա դրանից հարյուրով կառուցել մետրոն։ Ես էլ քաղաքացիների պես զարմանում եմ՝ ու՞ր են այդ ներդրողները, ովքե՞ր են նրանք։ Կարծում եմ, որ իրական ներդրողների մասին շտապել էին հայտարարել», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով մայիսի 15-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ մետրոյի նոր կայարանները նախագծելու և ճոպանուղի ունենալու համար ներդրողներ են հայտնվել։

Դավիթ Խաժակյանը նաև անդրադարձավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին «ԱԱԾ» հրավիրելուն։ 

«Եթե հարուցված գործի հասցեատերը Հրայր Թովմասյանն է, ցուցմունքներ տալու ի՞նչ գործ ունեն հայրը և դուստրերը։ Չափազանցված քաղաքական հետապնդում է Թովմասյանի նկատմամբ, նախքան գործի բուն կասկածյալը, սկսել են ընտանիքի անդամներից», - նշեց Խաժակյանը։