Արսեն Բաբայանի ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Այն, որ կառավարության գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձը ավելացվել է 1,5-2 անգամ, խոսում է այն մասին, որ վարչապետը գործում է գաղտնի եւ նրա բոլոր պնդումները, թե ինքը պետք է լինի թափանցիկ, վերաբերում է միայն երեւի խորովածի փառատոններին եւ գինի-փարթիներին, եւ սա մտահոգիչ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ 3 մլն վարչապետ կա: Հիմա այդ երեք միլիոնին հարցրե՞լ է, որ նախարարների աշխատավարձը բարձրացրել է: Ես դեմ չեմ, որ նախարարների աշխատավարձը բարձրանա, բայց Փաշինյանը հրապարակում հավաքված մարդկանց հարցրե՞լ է: Կարծում եմ՝ ոչ:

Հաջորդ մարտահրավերը Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն սարքելն է, այլ Հայաստանը ժողովրդավարությունից դիկտարորական տոտալիտար երկիր դարձնելն է»,-ասաց Շարմազանովը:

Նա զուգահեռ անցկացրեց Նիկոլ Փաշինյանի եւ Ադոլֆ Հիտլերի միջեւ նշելով, որ ժամանակին Հիտլերն ասում էր, որ իր շարժումը քրիստոնեական է, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է սիրո եւ համերաշխության մասին, հայտարարում էր, որ վենդետա չի լինելու. «Սակայն այսօր տեսնում ենք, որ բոլոր նրանք, որոնք չեն կզում Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրեկտիվների տակ, դառնում են քաղաքական հետապնդման զոհ: Մենք գործ ունենք Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Քոչարյանի գործերի հետ: Երեկ էլ տեղեկացանք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է: Ես համոզված եմ, որ այս ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան է: Սա բացահայտ հոգեբանական ճնշումէ  ՍԴ նախագահի վրա եւ շինծու է: Հատկապես, երեք փաստաբաններից մեկը նշեց, որ այն հոդվածը, որով Բաբայանը մեղադրվում է  համաներման տակ է ընկնում»: