Կառավարությունը նոր միջոցներ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News  

.

Կառավարության որոշմամբ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Վայոց ձորի մարզպետարաններին նախատեսվում է հատկացնել 454 մլն 944 հազար դրամ՝ համայնքներին 2019 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով:

Կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ համայնքների կողմից ներկայացվել են թվով 518 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած ութ նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 483-ը:

«Ներկայումս ընթանում է հավանության արժանացած ծրագրերի մրցութային գործընթացը կամ արդեն իսկ իրականացվում է շինարարական աշխատանքները։ Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը: ՀՀ 19 համայնքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացրել են 28 ծրագրերի գնումների գործընթացը: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 93 մլն դրամ և մրցույթների արդյունքներում այն կազմել է 795 մլն 609 հազար դրամ, որից  պետական բյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 454 մլն 944 հազար  դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Պապիկյանը:

Մեկ այլ որոշմամբ էլ 600,198.5 հազար դրամ կհատկացվի Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին: ՀՀ 20 համայնքներն անցկացրել են 28 ծրագրերի գնումների գործընթաց: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 203 մլն դրամ և մրցույթների արդյունքներում այն կազմել է 999 մլն 421 դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 600 մլն 198 հազար դրամ:

Այդ համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը` համայնքային բյուջեների հաշվին և ներկայում առաջացել է ՀՀ պետբյուջեից համաֆինասավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն: