«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է 10 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Nikol

«Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել է 9 միլիոն 856 հազար 100 դոլար։

22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարմանն ու արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը։ Ծրագրերը կյանքի կկոչվեն Արցախում, ինչպես նաև Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։

Հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր էր նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:

Նշենք, որ 2018-ին հանգանակվել էր 11 միլիոն 109 հազար 633 դոլար։ 

2017-ին հանգանակվել էր 12 միլիոն 505 հազար 456 դոլար։ 

2016-ին հանգանակվել էր 15 միլիոն  428 հազար 777 դոլար։

Հիմնադրամը իր նվիրատուների շնորհիվ տասնյակ հազարավոր ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ճանապարհներ,  ջրագծեր ու ջրատարներ, գազամուղներ, էլեկտրագիծ, դպրոցներ, մանկապարտեզներ, տներ ու  բնակարաններ, առողջապահական հաստատություններ, մշակութային ու սպորտային կենտրոններ, ջերմոցներ, կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր: