Ամպամածություն, անձրևներ․ եղանակը կցրտի․ Սուրենյանը տեղեկացնում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը Հայաստանում աչքի ընկավ այս սեզոնի համար ոչ բնորոշ բարձր ջերմային ֆոնով և չոր եղանակով: Նման իրավիճակ է ստեղծվել ոչ միայն ամբողջ Կովկասում, այլ նաև Եվրոպայի երկրների մեծ մասում և Ռուսաստանի եվրոպական մասում:

Դրա պատճառը Աֆրիկայի արևադարձային գոտիներից՝ Սահարա անապատից դեպի հյուսիս տարածվող և ահռելի մակերես ընդգրկող տաք օդային հոսանքներն են, որոնք իրենց ազդեցության գոտում են վերցել Ատլանտյան օվկիանոսի ափերից մինչև Ուրալ ընկած տարածքները:

Հոկտեմբերի երրորդ տասնօրյակում Հայաստանի տարածքում կրկին արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում:

Միակ փոփոխությունը կլինի այն, որ հոկտեմբերի 21-ից Միջերկրական ծովի վրա զարգացող ցիկլոնները պարբերաբար կներթափանցեն մեր երկիր, որոնք իրենց հետ կբերեն կարճատև անձրևներ:

Այսպիսով հոկտեմբերի 21-25-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արդեն կնկատվի փոփոխական ամպամածություն, օրվա ընթացքում պարբերաբար կլինեն նաև կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանը, պայմանավորված ամպամածության ծածկի առկայության հետ, գիշերային ժամերին կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ ցերեկը մի փոքր կնվազի՝ մոտ 2 աստիճանով», - գրել է Սուրենյանը: