«Պաշտոնյաները պետք է սետկաներով գնան առևտրի»․ 2022-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում որոշում հավանություն տվեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առեւտրի օբյեկտներում արգելել վաճառողի կողմից պոլիէթիլենային տոպրակների վաճառքը եւ իրացումը:

Հարցը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ աշխարհի ավելի քան 120 երկրներում գործում են նման սահմանափակումներ, իսկ իրենք  կառավարության անդամներին նվիրել են բազմակի օգտագործման տոպրակներ, որպեսզի նրանք իրենց վարքով օրինակ ծառայեն մյուս քաղաքացիների համար:

Կթույլատրվի միայն կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերը, խոսքը բարակ թաղանթների մասին է, որով փաթեթավորվում է ապրանքը:

Գրիգորյանը նշեց, որ պոլիէթիլենային տոպրակներ արտադրող 28 ընկերությունների մոտ արտադրության նվազեցում կլինի, դրա համար երկու տարի ժամանակ է տրվում, որ վերապրոֆիլավորվեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ շատ լավ կլինի, որ այս կարգավորումը կյանքի կոչվի ոչ թե օրենքի բերումով, այլ մեր համընդհանուր վարքագծի փոփոխության բերումով.

«Շատ լավ կլինի, որ մեր քաղաքացիները հենց այսօրվանից աշխատեն հնարավորինս քիչ օգտագործել այդ պլաստիկը, որովհետեւ այդ տոպրակները հետո հայտնվում են մեր ճանապարհների եզրերին՝ «զարդարելով» ծառերը, թփերը, ընդհանրապես մեր միջավայրը: Դա իսկապես լուրջ բնապահպանական պրոբլեմ է: Այնպես որ բոլորին կոչ եմ անում հնարովրինս քիչ օգտագործել պլաստիկե տոպրակներ առեւտուր անելիս: Մանավանդ, որ մենք այդպիսի կուլտուրա ունեցել ենք խորհրդային տարիներին: Այն ժամանակ ցանցային պայուսակներ էին՝ սետկաներ: Չնայած հիմա երեւի ընդունված չի, որ հարեւանը տեսնի, թե մյուս հարեւանն ինչ է գնել խանութից»,-ասաց Փաշինյանն ու ծիծաղելով հավելեց. «Փոխվարչապետ Գրիգորյանն ասում է, որ դա թափանցիկության լավ հակակոռուպցիոն ցուցանիշ է, այնպես որ պաշտոնյաները պետք է սետկաներով գնան առեւտուր անելու»: