Նիկոլն ընդդեմ Փաշինյանի, կամ գրիչը`որպես պետական զենք

ԵՐԵՒԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 3, 24News

«Վերջին ռամիկին դուր գալու համար ընկա աչքից մեծ Թագավորի»

Սուրբ Գրիգոր Նարեկացի

Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի Կապանի ասուլիսին հետևեց Երևան հասնելու ու Հրայր Թովմասյանին քաղաքական ասֆալտին փռելու փաստավորված խոստումը: Ազգը գիշերն անքուն գլորեց այն հույսով, որ այլևս ՍԴ ղեկավարին չի տեսնի, կամ՝ կտեսնի ջախջախված, բայց... 

Շունչը պահած հայությանը հրամցվեց ճտիկով գրիչը: Հասարակության շոկը այնքան մեծ էր, որ բացահայտ գրում էին, թե միգուցե վարչապետի էջը հայրենիքի թշնամիները կոտրել են ու թշնամական գործ են անում: Պետության ղեկավարի կողմից գրվածի որակը դեղին մամուլի հատակին էր համապատասխանում: Սակայն խնդիրն ավելի լուրջ է քան այն,  ինչը տեսանելի է այս պահին: 

Մարդու ինքնագիտակցականն իր գործողությունների շարժիչն է, և անձի քայլերի պատճառահետևանքային կապը պետք է փնտրել նրա հոգեբանության մեջ: Սա հատկապես շեշտված դրսևորում ունի, երբ խոսքը գնում է ընտրյալների, կամ նրանց մասին, ովքեր կոչված են կառավարելու շատերին ու մեծ ռեսուրսներ: 

Նիկոլ Փաշինյանը ընդունակ և էներգիա ունեցող  մարդ է: Ճկուն ժուռնալիստ, փայլուն ընդդիմադիր պատգամավոր և իր կողմից հռչակված թավշյա հեղափոխություն շարժումը ֆենոմենալ ձևով առաջնորդած լիդեր: Սակայն լեգենդ դառնալու համար նա պետք է այս սահմանին կանգներ, ինչն այն ժամանակ անտրամաբանական կթվար, կամ վերափոխվեր պետական առաջնորդի, որը կլիներ սարսափի և սիրո կենտրոնը ողջ հայության համար: 

Ավաղ Նիկոլի ֆինիշը եղավ, երբ սկսվեց Փաշինյանի ամենամեծ սկիզբը` 2018թ. մայիսին: Հայաստանի ղեկավարը չի կարողանում գտնել իրեն վարչապետի պաշտոնում՝ տարի ու յոթ ամսվա դե յուրե պաշտոնավարումը չվերաիմաստավորեց նախկին լրագրողին: Փաշինյանը կոլապսի մեջ է գտնվում: Պետականության հասկանալը չի տրվում նրան: Անտեսում է քաղաքական և պատմական ավանդույթները, չունի հերոսներ: Այսինքն՝ գտնվում է օդում: Այս պահվածքը ավանտյուրիզմի տարրեր ունի, բայց պետությունը ենթակա չէ նման առաջնորդության: Գործող կառավարակազմը դեռևս անցյալ տարի էր մտել իներցիոն փուլ, իսկ հիմա թևակոխում է անորոշության շրջանը, որը դեռ ծածուկ է ու որին կարող է հետևել քաոսը: Վարչակազմի վարչապետը չի տիրապետում իշխանություն արվեստի նուրբ ու ճկուն գործիքակազմին, և զգուշանում է կիրառել նրա կոշտ և հարվածային զինանոցը: Իշխանությունը չունի հստակ գաղափար ու նպատակ, և սա բխում է Փաշինյանի խաղի կանոններ սահմանելու ցանկության կամ կարողության բացակայությունից: Դա դնում է Նիկոլ Փաշինյանին խաղից դուրս վիճակում ու իր թիմին հաղորդում աղանդի տեսք: Չի գիտակցվում, որ բոլորի` անցյալի, ներկայի ու եկողների դեմ միանգամից պայքարելը բերում է բոլորի ու տարբեր ժամանակների համախմբմանն ու ամրապնդմանն արդեն իսկ այսօր: Չմոռանանք "ավելը" կոտրելու առակը: Վարչապետն ու իր թիմը չեն կարողանում քաղաքական նպատակահարմարությունից անցում կատարել դեպի պետականաշեն նախագծային մթնոլորտ: Հայաստանում սկզբունքները և չափանիշները սահմանում են երկրի կյանքը որոշող անհատները` իրենց շահերից ելնելով, և հարց է առաջանում, թե այսօրվա իշխանությանը ինչու չի հաջողվում ստեղծել ու սահմանել պետական հստակ ու հավասարակշիռ համակարգ, բարոյաքաղաքական ընդհանուր իրավիճակ, իրավական պատասխանատության տոտալ մթնլորոտ: Պատասխանն ակնհայտ է. իշխանության պատկերացման բացակայությունը չի համընկնում պետության այսօրվա պահանջ-շահի հետ: 

ՀՀ - ում եղել են ճահճացման տարիներ, բայց քաղաքական պոլեմիկան երբեք չի իջել կենցաղային այսպիսի մակարդակի, չի եղել այսքան անգաղափար ու անդեմ: Չկարողանալով լուծել ներքաղաքական հարցերը՝ Նիկոլն՝ ընդդեմի իր բնավորությամբ, նպաստում է, որ իրենցից իրական ուժ չներկայացնող միավորները դառնան գործոն (կեղծ), մարող ածուխներին բոց ու կրակ է հաղորդում: Մինչդեռ պետք է հանգցնել ու մոխիրն էլ թափել, ավելը ոչ թե կոտրել, այլ նրանով մաքրել: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին իշխանության բեկորները, նորալլուկ ագրեսիվ իքիբիրներն առողջ տրամաբանության ու ուժեղ կեցվածքի դեպքում չէին կարող կենտրոնում ուշադրություն գրավել, հրապարակում տեղ զբաղեցնել: Այս ձեռնամարտի մեջ մտնելը կապահովի Հայաստանի հետընթացը, և քաղաքական մշակույթի գահավիժումը ավելի կարագացնի: 

Հեղափոխությունը ենթադրում է արժեհամակարգի փոփոխություն, պետական համակարգի վերափոխում, հասարակության վերաձևում և սոցիալական շերտերի ընթացքի այլ առաջընթացի ապահովվում, բացառիկ ու ամբողջական գրոհ նախկինի դեմ: Իշխանափոխություն իրականացրած օրվա իշխանությանը այս կետերում ոչինչ չի հաջողվել: Վարչապետի վարչակազմը չկարողացավ իր կողքը հավաքել երկրի միտք արտադրող անհատներին, մտավորականությանը, բուրժուազիային: Չստեղծեց հեղափոխությունից դուրս եկած գործարար խավ և նոր մտավորականություն, քանի որ իշխանափոխության միակ դեվիզը "մերժիրն" էր, իսկ դրանից հետո հանուն «հանունի» ոչինչ առաջ չքաշվեց: Եվ չի էլ կարող, որովհետև չկա «իզմ», չկա գաղափար, չկա պատմական հենք, չկա միավորման առանցք: Կա ափերից դուրս թափվող պոպուլիզմ, «նոր Հայաստան» կեղծ կատեգորիան և ականջ մաշող աննախադեպ բառը, որի հեղափոխական հատվածն արդեն պատմություն է, իսկ մնացածը` ոչ մի լուրջ բան: 

Իրավիճակում ունենք Սահմանադրական դատարանի ճգնաժամ, մոտեցող Արթուր Վանեցյան (դեռևս քիչ առաջ իրենց սրտի գեներալը), որը կհամախմբի մի շարք միավորների ու կունենա ֆինանսական լուրջ ռեսուրսներ, հանգիստ չի մնա սորոսական թևը, կակտիվանան փորձի հնարավորություն ունեցող և առանձին անձիք, կուսակցություններ ու խմբեր: Սահմանադրության հանրաքվեն կլինի` մինիմումում իշխանությանը կծոտելու առիթ, մաքսիմումում` Նիկոլի վստահության հանրաքվե: Ղարաբաղի հարցով արտաքին ուժերի ուշադրությունը առ Հայաստան կմեծանա: 

Որպեսզի պետությունը չճոճվի, ու հասարակությունը չընկնի նախկինների և նորերի քաշքշուկի մեջ՝ ճիշտ պահն է երրորդ ինստիտուցիոնալ, հարվածային, կոշտ և ինտելեկտուալ ուժի ստեղծման համար` ամուր հիմքերով պատմության (հատկապես Երրորդ Հանրապետության) մեջ, վճռական` ինչպիսն էին Ղարաբաղյան շարժման լիդերները:

Հիմա Նիկոլին չեր խանգարի հիշել Վանոյի «Ձեռ ես տվել` խաղա» հոդվածի այս հատվածը. «Այդպես է, երբ բերանը չափ չի ունենում, ոտքերը պիտի պատրաստ լինեն ամեն պահ ծլկելու։ Միայն թե պետություն ղեկավարելը թաղի լակոտների կռիվ չէ, որ մեր քրֆես ու փախչես»։  

Սա հիմա` հետու ուշ կլինի:

 

Ռուբեն Վարդանյան

պատմաբան, հրապարակախոս