Վահե Գրիգորյանը հերքում է «գաղտնի գործուղումների» մեկնելու մասին հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Վահե Գրիգորյան

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի համաքաղաքացիներ,

Երեկ մի լրատվամիջոց, հղում կատարելով ՍԴ աշխատակազմի ղեկավարի, մի ընդարձակ նյութ էր հրապարակել այն մասին, որ ես 3 անգամ «գաղտնի գործուղումների» եմ մեկնել:

Սա, հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես եւ նախկինում եւս, իրականացվում է օգտագործելով Հայաստանի Սահմանադրական դատարանի անունը, նման կուսակցական քարոզչության աղբյուր ծառայեցնելով պետական իշխանության բարձրագույն մարմինը:

Իրականում.

- Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ես մեկնել եմ գործուղման Վարշավա՝ Լեհաստանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատարի հրավերով՝ Լեհաստանի Մարդու իրավունքների 3-րդ Ազգային Կոնգրեսի հյուրի կարգավիճակով: Այս այցի մասին պատշաճորեն տեղեկացված է եղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իսկ իմ այցի ողջ ընթացքում ինձ ըստ կարգի ուղեկցել եւ անհրաժեշտ տեղեկատվությամբ եւ անհրաժեշտ խորհուրդներով ապահովել է Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը: Այս այցի ընթացքում ես հանդիպումներ ունեցել եմ Լեհաստանի ՄԻՀ հետ՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական, իմ նախկին կոլեգաներից մի քանի իրավաբան-գիտնականների հետ, եղել եմ բանախոս՝ խոշտանգումների կանխարգելման միջազգային մեխանիզմների արդյունավետության հարցերով.

- 2019թ.-ի դեկտեմբերին եւ 2020թ.-ի հունվարին, ընդհանուր թվով 6 աշխատանքային օր ընտանիքիս հետ հանգստյան եմ մեկնել Լոնդոն (ամանորյա տոներն անցկացնելու) եւ Հռոմ՝ կարճատեւ հանգստի.

- Վերը թվարկված բոլոր բացակայությունների մասին ՆԱԽԱՊԵՍ եւ մինչեւ աշխատանքային ամսվա ավարտը գրավոր տեղեկացրել եմ ՍԴ աշխատակազմի հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչությունը՝ խնդրելով բացակա օրերի համար իմ աշխատավարձից համապատասխան նվազեցումներ կատարել:

Կարեւոր եմ համարում այս պարզաբանումները հրապարակայնորեն ներկայացնելով Հայաստանի քաղաքացիների եւ պետական իշխանության մարմինների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքին, որ սա 3-րդ անգամն է, որ Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի ուղղակի գիտությամբ, եթե ոչ՝ ուղիղ ցուցումով, պետական բարձրագույն մարմիններից մեկը՝ Հանրապետության Սահմանադրական դատարանը պաշտոնապես ներգրավվում է Սահմանադրական դատարանի դատավորի դեմ ապատեղեկատվության տարածման մեջ»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս