45 հայ ձեռներեց հնարավորություն կստանան այցելել Սիլիկոնյան հովիտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

.

ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը, որի արդյունքում 2020թ. 45 հայ ձեռներեցները հնարավորություն են ստանում հատուկ մասնագիտական ծրագրերով այցելել  «գիտության և նորարարությունների» կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ, ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել  ներդրողների և վենչուրային կապիտալիստների: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 12-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, ծրագրի միջոցով Հայաստանը հնարավորություն է ստանում կապվելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով Սփյուռքի ներուժը, որն էլ իր հերթին ստեղծում է նոր կապեր հայ ձեռներեցների համար ընդլայնելու համաշխարհային տեխնոհսկաների հետ գործակցության աշխարհագրությունը ու հնարավորությունները:

Ծրագրի կարևորագույն փաստը Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական ներկայացվածության ապահովումն է: Այդ նպատակով Սան Հոզե քաղաքում վարձակալվելու է մինչև 250քմ տարածքով բնակարան, որտեղ «Վիրտուալ Կամուրջ» ծրագրի միջոցով Սիլիկոնյան հովիտ այցելած մասնակիցները 3 շաբաթ կաշխատեն, հանդիպումներ կկազմակերպեն և կապրեն այդ կենտրոնում: Սա նոր կապեր ստեղծելու և մշտական հայկական տեխնոլոգիական ներկայացվածությունը ապահովելու լավագույն միջոցն է: 

Ծրագրի շրջանակներում 15 ստարթափերները և ձեռներեցները, անցնելով հատուկ մրցութային փուլ հնարավորություն են ունենալու 7 շաբաթ տևողությամբ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցնելու Սիլիկոնյան Հովտի թոփ ձեռնարկատիրական՝ «Դրեյփերի Համալասարանում»: Այս համագործակցության առավելությունը կայանում է նրանում, որ դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները իրենց արտադրանքները կներկայացնեն «Դրեյփեր Վենչուր նեթվորկի» հիմնադիր Թիմ Դրեյփերին և իր թիմին՝ բացառիկ հնարավրություն ստեղծելով հայ ստարթափերների համար ներգրավելու ներդրումներ համաշխարհային ճանաչում ունեցող ներդրումային ընկերություննից:

2020թ. փետրվարի 13-ին տեղի է ունեցավ Դրեյփերի համալսարանի գարնան շրջանի դասընթացների համար ընտրության փուլը, որն անցկացնելու համար հատուկ Հայաստան էր ժամանել համալսարանի նախագահը, ընտրող հանձնաժողովի նախագահը և ծրագրի ղեկավարը: Ստացված ընդհանուր 109 հայտերից հաղթող ճանաչվեցին 5 ձեռներեցներ, ովքեր կստանան 100% ամբողջական պետական կրթաթոշակ: Եվս 3 գաղափարների հեղինակների հաճելի անակնկալ մատուցեց Դրեյփերի համալսարանի նախագահը՝ հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունը և գաղափարների զարգացման ներուժը՝ տրամադրեցին 50% կրթաթոշակ  սովորելու Դրեյփերի համալսարանում: Բարձր գնահատելով այս ծրագրի կարևորությունը «Իմ Քայլը» հիմնադրամը պատրաստակամություն հայտնեց հոգալու 3 հաղթողների հավելյալ 50% ուսման վարձը:

2020թ. նախատեսվում է նմանատիպ ևս 2 մրցույթ՝ ընտրելով հնգական ձեռներեցների:

Ծրագիրն իր տեսակով առաջին և խոշորագույն ծրագիրն է, որն անմիջականորեն իրականացվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին։ Ծրագրի շրջանակներում իրականացվող ամբողջ լոգիստիկ, կազմակերպչական և բովանդակային հարցերը կարգավորվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից: 

ՀԲԸՄ հարյուրամյա պատմության շնորհիվ ստեղծվել են այնպիսի կապեր ամբողջ աշխարհի հետ, որոնց ներգրավվածությունը ծրագրում էականորեն կբարձրացնի և՛ ծրագրի, և՛ մասնակիցների արդյունավետությունը:

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար ՀՀ պետական բյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ` ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 900-Ն որոշմամբ հաստատված չափաքանակներին համապատասխան: