Արթիկում կորոնավիրուսով վարակվածը տաքսու վարորդ է․ շփման շրջանակը մեկուսացվում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News 

կորոնավիրուս

Այսօր՝ ապրիլի 25-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքում գրանցվեց նոր կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը։ Արթիկի համայնքապետ Մխիթար Վարագյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ վարակակիրը մոտ 60 տարեկան է։

«Որպես Արթիկի բնակիչ ճանաչում եմ, տաքսու վարորդ է, ընտանիքը մեկուսացվել է, և դեռ շարունակում ենք մեկուսացնել։ Տեղյակ չեմ՝ ուղեկցող հիվանդություններ ունի, թե ոչ և թե որ հիվանդանոց է տեղափոխվել։ Վարակի աղբյուրը դեռ չենք պարզել»,- նշեց համայնքի ղեկավարը։

Վարագյանի խոսքով՝ ներկայումս քննարկում են Արթիկում սահամնափակումներ մտցնելու հարցը, հնարավոր է՝ կիրառեն մուտք ու ելքի սահմանափակումներ։ 

24News-ը զրուցեց նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։ Մարզպետը նշեց, որ Արթիկում հաստատված կորոնավիրուսի դեպքի վերաբերյալ դեռևս աշխատանքներ են իրականացվում և կազմակերպում վարակակրի շփման մյուս շրջանակների մեկուսացումը։ 
Մարզպետը նաև անդրադարձավ Մարալիկ և Զորակապ համայնքների ներկայիս սահմանափակումներին՝ նշելով, որ համապատասխան եզրակացության են սպասում մասնագետներից՝ հասկանալու սահմանափակումները կհանվեն, թե ոչ․

«Այն մասնագետները, որոնք մինչ այս վարակի օջախի հետ են աշխատել, այսօր ամբողջական տվյալները կտրամադրեն, եթե կայունացում լինի, ըստ դրա որոշում կկայացնենք»,- ասաց Պետրոսյանը։ 

Մարզպետը նշեց, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը ներկայումս ինտենսիվ թերապիայի բաժին չունի և այդ պատճառով ծանր կամ միջին վիճակում գտնվող վարակակիրները տեղափոխվում են Երևան։ 

«Ներկայումս աշխատում ենք հիվանդանոցում ինտենսիվ թերապիայի գործառույթներ ներդնելու ուղղությամբ։ Այս պահին ինֆեկցիոն հիվանդանոցում որոշակի աշխատանքներ են իրականացվում, շուտով սարքերի համալրման խնդիրը կլուծենք, ինչի շնորհիվ արդեն միջին կամ ծանր վիճակում գտնվող հիվանդների ևս սպասարկելու հնարավորություն կունենանք»,-նշեց մարզպետը։ 

Անդրադառնալով նաև Մարալիկի բուժկենտրոնի աշխատակիցների վիճակին, մարզպետը նշեց, որ բուժաշխատողների ինքնազգացողությունը լավ է, որևէ խնդիրներ չկան։ 

Նշենք, որ Մարալիկի առողջական կենտրոնի 4 բժշկի և 15 բուժաշխատողի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Բուժաշխատողներից մեկը բուժումը ստանում է Երևանում: Հիշեցնենք նաև, որ Մարալիկ և Ձորակապ համայնքներից կորոնավիրուսի հետևանքով 3 քաղաքացիներ մահացել են:

Սոնա Գրիգորյան