Հնարավոր է՝ վարակը տարածված լինի մարդուց, որ չի իմացել՝ վարակված է. օջախները տասնյակ են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

արսեն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի աճին, «Ազատության» եթերում տեղեկացրել է, որ կորոնոավիրուսի տարածման տեմպերը բացարձակ թվերով ավելանում են, բայց տոկոսները նույնն են, և քանի որ բազան մեծանում է, հետևաբար թվերն էլ են մեծանում։

Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 407 նոր դեպք, 253 առողջացած, 6 մահ։ Արսեն Թորոսյանը նաև նշել է, թե ինչու է կորոնավիրուսի աճի տեմպը մեծացել:

«Ցավոք սրտի, ունենք օջախների բազմազանություն։ Այսինք՝ եթե բռնկման սկզբին՝ մարտի կեսերին, ունեինք հստակ մեկ, երկու, հետո՝ երեք օջախ, դրանից հետո վիրուսի տարածումն այդ օջախներից դուրս եկավ, ու այժմ արդեն տասնյակ, երբեմն քսան իրար հետ կապ չունեցող օջախներ են, ու մենք չենք կարողանում թելերը գտնել, կապել առաջին օջախների հետ։ Դա բնական է, որովհետև շատ են ասիմպտոմ դեպքերը, հնարավոր է՝ վարակը տարածված լինի մի մարդուց, որը չի իմացել, որ ինքը վարակված է»,- ասել է նախարարը։

Ըստ Արսեն Թորոսյանի՝ վարակի տարածման մյուս «դժբախտ ուղղությունը» բժշկական կենտրոններն են։

«Մեր բոլոր ուժերն այժմ կենտրոնացրել ենք բժշկական կենտրոնների տարածքում հիվանդության տարածումը կանխելու, բժիշկների և այլ հիվանդություններով պացիենտներին պաշտպանելու համար»,- ասել է Արսեն Թորոսյանը։