Ավետ Բարսեղյանի աներոջ տնից 110000 դոլարի ոսկի, փող գողանալու համար կասկածվողը ձերբակալվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

ավետ

Մայիսի 3-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակլվել է Երևանի Կուրղինյան փողոցի բնակիչ, 32-ամյա Սևակ Բ.-ն։ Վերջինս կասկածվում է ապրիլի 12-ին Երևանի Դանիել Վարուժանի փողոցի 32-րդ տնից մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր և գումար գողանալու համար։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ապրիլի 12-ին առանձնակի խոշոր չափի գողության դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմանում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել Երևանի Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ, 58-ամյա Աբրահամ Ք.-ից, որը հայտնել էր, որ նույն օրը՝ ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայմաններում մտել էին իր տուն և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խումբը։

Դեպքրի փաստով հարուցվել էր քրեական գործ։