Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն «Մաթեմատիկա» առարկայից. ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

մաթեմ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեդալի քննությունների շուրջ քննարկումներն ավարտվել են․ մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

«Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն, որին կմասնակցի շուրջ 100 հավակնորդ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։

Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն Մաթեմատիկա առարկայից հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը։ Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաև առավելություն կունենան բուհեր ընդունվելու համար։

Եթե սովորողը «Մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը»:

Նշենք, որ օրերս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ մեդալի քննություն այս տարի չի անցկացվի, դա կկազմակերպվի հաջորդ տարի: Լուրը դժգոհությունների առիթ էր դարձել, և արդյունքում որոշում վերանայվել է: