Առաջին երկիրը, որտեղից զբոսաշրջիկներ կընդունենք, կլինի Իսրայելը. Վրաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Իսրայելը կլինի առաջին երկիրը, որտեղից Վրաստանը կորոնավիրուսի համավարակից հետո զբոսաշրջիկներ կընդունի: Այդ մասին գրում է pia.ge-ն` հղում տալով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային:

«Կա մի քանի երկիր, որոնց հետ հաջող կերպով բանակցություններ ենք վարում և առաջին երկիրը, որտեղից զբոսաշրջիկներ կընդունենք, կլինի Իսրայելը: Իսրայելի հետ մենք ունենք անվտանգ կանաչ միջանցք, որը Վրաստանին հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներ ընդունել այդ երկրից»,-ասել է Գախարիան, ապա նշել, որ ակտիվ բանակցություններ են ընթանում Չեխիայի, Լեհաստանի, Բալթյան երկրների, Ավստրիայի և հարևան երկրների հետ: Գախարիայի խոսքով՝ բոլոր բանակցությունները իրենց տրամաբանական ավարտին կհասցվեն առաջիկայում:

Վրաստանի վարչապետն ընդգծել է նաև, որ ճգնաժամը պետք է հնարավորություն դառնա Վրաստանի համար:

«Ինչ վերաբերում է տնտեսության հետագա զարգացմանը, ապա ներկայացված հակաճգնաժամային ծրագրից գիտեք, որ մեր մոտեցումը շատ պարզ է. ճգնաժամը պետք է հնարավորություն դառնա մեր երկրի համար:

Մենք այս համաշխարհային ճգնաժամը պետք է հնարավորություն դարձնենք, դառնանք ավելի արդյունավետ և հաջողակ համաշխարհային մրցակցության մեջ: Դրա լավագույն տարբերակներից մեկը զբոսաշրջությունն է, Վրաստանը առաջիններից մեկը պետք է կարողանա բացել և ղեկավարել այդ ոլորտը»,-հայտարարել է Գախարիան: