Հույս չունեմ, որ ՀՀԿ-ն կլինի խորհրդարանում. «Ելք»-ի պատգամավորը՝ ՔՊ-ՀՀԿ դաշինքին մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

«Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի դիտարկմանը, թե ՀՀԿ-ն և ՔՊ-ն կարող են դաշինք կազմել, քանի որ շատ հարցերում նրանց տեսակետները մոտ են, Հրաչյա Հակոբյանը բացառեց․ 

«Դեռ ՀՀԿ-ն պետք է հայտնվի խորհրդարանում, որ մի հատ էլ նման հարց առաջանա, որ կոալիցիա կազմեն իշխանության հետ կամ չկազմեն: Միանշանակ կոալիցիա չեն կազմի, դա պարզապես ծիծաղելի է»,-ասել է «Ելք» խմբակցության պատգամավորը, ապա հավելել, որ հույս չունի, որ ՀՀԿ-ն ընդհանրապես կլինի խորհրդարանում:

Հարցին՝ ՀՀԿ-ն կարո՞ղ է չհաղթահարել անցողիկ շեմը, պատգամավորը պատասխանել է՝ այո՛, բնականաբար:

«Եթե ռեբրենդինգ անեին, եթե ՀՀԿ հապավումն իրենցից պոկեին, իրենց դաջված չլիներ ՀՀԿ, միգուցե այնտեղ կան մարդիկ, որ արժեր, որ լինեին խորհրդարանում, գուցե հայտնվեին ԱԺ-ում, բայց ՀՀԿ անվան տակ բացառում եմ»,-ասել է պատգամավորը:

ՀՀԿ-ն նշում է, որ նոր իշխանությունը տնտեսական թռիչք էր խոստանում, բայց այս 6 ամիսներին գնաճ է գրանցվել, կրճատվել են օտարերկրյա ներդրումները, գործարարներն ապրիորի դիտվում են հանցագործներ: Լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան՝ Հրաչյա Հակոբյանն ասել է.

«Մենք դաշտն ենք մաքրում: Մենք դեռ իրենց 20 տարվա աղբը փորձում ենք հասկանալ՝ սա ինչ է: Փորձում ենք հասկանալ, թե ինչու է ՀՀԿ-ն ատամի խոզանակը դրել կոշիկի խոզանակի կողքը, բերեք տարանջատենք մեկը մյուսից»,-ամփոփել է «Ելք» խմբակցության պատգամավորը: