Մոբայլ վնասաբեր ծրագրերը Հարավային Կովկասում ամենաքիչը գրոհում են Հայաստանի օգտատերերին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News                  

կասպերսկի
                   

Հայաստանում 2020-ի ապրիլ-հունիսին շարժական վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,00%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման գրոհների բախված օգտատերերի բաժինը կազմել է 2,08%,, իսկ Ադրբեջանում՝ 3,37%։ Մոբայլ վնասակար ծրագրերը 2019 թվականի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանի օգտատերերի 2,08%-ին, Վրաստանում՝ 1,67%-ին, Ադրբեջանում՝ 4,05-ին։ Տվյալները ներկայացրել է «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը։ 

Ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Իրանում՝ 43,62%, Ալժիրում՝ 21,97%, և Բանգլադեշում՝ 19,30%։ 

Ընկերության լուծումները 2020-ի երկրորդ եռամսյակում աշխարհում հայտնաբերել են մոբայլ սարքերի համար նախատեսված 1 245 894 վնասաբեր տեղադրման փաթեթ։ Մեկ տարի առաջ դրանք 753 550-ն էին։

Նման ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաև համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։ Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։  Սակայն այս միջոցները լիարժեք չեն, եթե  մոբայլ սարքում տեղադրված չէ հուսալի հակավիրուս։

-- 00—ՄՀ