ՊԵԿ-ը հորդորում է ՀՀ ապրանք ուղարկելիս հետևել մաքսային ծառայողների ցուցումներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

պեկ.

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին օտարերկրյա տարբեր երկրներից ցամաքային և օդային ճանապարհներով որպես օժանդակություն Հայաստան են ուղարկվում աննախադեպ քանակությամբ ապրանքներ: 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արցախի և Հայաստանի  Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունները կրկին համախմբել են աշխարհի հայությանը, որը ջանք և եռանդ չի խնայում` հնարավոր բոլոր միջոցներով սատար կանգնելու հայոց բանակին և հայ զինվորին:

«Ողջունելով և բարձր գնահատելով համայն հայության դրսևորած հոգատարությունը, կարևորելով ստացված միջոցների` ըստ նպատակի օգտագործումը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարությունների կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ` որպես օգնություն ՀՀ ուղարկված ապրանքները հավաքագրելու, ըստ առաջնային նշանակության ու նպատակային դրանք տեղաբաշխելու աշխատանքները համակարգելու համար:

Հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է մեր հայրենակիցներին ապրանքները Հայաստան տեղափոխելիս խստորեն պահպանել դրանք ստանալու, պատկան մարմիններին հանձնելու կարգը` հետևելով մաքսային ծառայողների համապատասխան ցուցումներին»,-ասված է հաղորդագրությունում:

--00—ԼՄ