ԱԱՏՄ-ն համաժամանակյա ուժեղացված ստուգայց է իրականացնում Երևանի տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

կորոնավիրուս

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը համաժամանակյա ուժեղացված ստուգայց է իրականացնում Երևանի ողջ տարածքում:

ԱԱՏՄ գլխամասի թիմն ու Երևանի տարածքային կենտրոնը՝ մարզային տարածքային ստորաբաժանումների մասնագիտական թիմերի աջակցությամբ, «խոշորացույցի» տակ են առնել ամենատարբեր ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտներ՝ դիտարկելու նրանց կողմից համավարակի տարածումը կանխելու նպատակով հաստատված անվտանգության կանոնների պահպանումը։

Ստուգայցերն իրականացվում են Երևանի բոլոր վարչական շրջաններում միաժամանակ՝ անակնկալ այցերի միջոցով։ Սանիտարահամաճարակային նորմերի պահպանման դիտարկումներն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա առանձին կետերով հերթով լրացվում է՝ որ նորմն է պահպանված, որը՝ ոչ։ Արձանագրված խախտումների հիմքով կազմվում է արձանագրություն, ինչը ենթադրում է տուգանքի նշանակում։

Ուշագրավ է, որ ԱԱՏՄ տեսչական ստուգայցերը վերջին շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված նորմերի առանձնակի, համակցված խախտումներ տնտեսավարողների մոտ չեն արձանագրում։ Արձանագրվող խախտումներն առավելապես ենթակա են տեղում շտկման, ինչի հրահանգը եւ տրվում է ԱԱՏՄ տեսուչների կողմից։ Առավել մտահոգիչ է անհատ քաղաքացիների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակներ չկրելը կամ ճիշտ չկրելը։

Օրական մի քանի տասնյակ ստուգայցերի արդյունքները փաստում են՝ անվտանգության կանոնների առավել հաճախակի խախտումները գեղեցկության սրահներում են, առևտրի և սպասարկման ոլորտներում։ Հիմնականում չեն պահպանվում ախտահանման և ջերմաչափման, դրանց գրանցամատյանների պատշաճ վարման, ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկման, դիմակների պատշաճ կրման, փակվող՝ ոտնակով աղբաման ունենալու կանոնները։ Երբեմն նշանակված չեն լինում COVID-19 տարածման հսկողության պատասխանատուներ։

Դեղատներում, փակ արտադրություններում, բանկերում խախտումների առավել փոքր թիվ է նկատվում։

Բժշկական հաստատություններում նկատվող թերություններն առավելապես վերաբերում են բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներին, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, մանրէազերծմանը։

Հաշվի առնելով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության ավելացումը և թեժ գծով ստացվող ահազանգերը` ԱԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է խստագույնս պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները․ երկրում ստեղծված վիճակն արտակարգ զգոնություն է պահանջում։

Ամեն տնտեսավարող այս պահին իր հերթին զինվոր է թիկունքում։

--00—ԼՄ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս