Նպատակս ոչ թե կրքեր բորոբեքելը և վերքերին աղ լցնելն է, այլ գալիս եմ ձեր աչքերի մեջ նայելու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Վաղ առավոտյան ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ցավով է տեղեկանում, որ Սյունիք այցելելու վերաբերյալ իմ  գրառումը որոշակի կրքեր է բորբոքել Սյունիքում:

«Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ Սյունիքի մարզ այցելելու իմ որոշումն ամենևին էլ կրքեր բորբոքելու համար չէ: Ընդհակառակը, նախ Սյունիք գալու որոշումը կայացրել եմ սյունիքցիների նկատմամբ իմ հարգանքի և գնահատանքի տուրքը մատուցելու նպատակով:

Երկրորդ, որն առավել կարևոր է, Ձեր հարցերին պատասխանելու, ուղիղ Ձեր աչքերին նայելու, անհրաժեշտ բացատրություններ տալու: Ինձ հաշիվ եմ տալիս, թե Ձեր տված հարցերն ինչպիսին են լինելու: Ես որոշակի համոզմունք ունեմ, որ կկարողանամ դրանց պատասխանել, Ձեր կասկածները փարատել և եթե նման համոզմունք չունենայի, այսպիսի որոշում չէի կայացնի»,- ասել է վարչապետը և հավելել, որ իր նպատակն իրավիճակը սրելը կամ վերքերին աղ լցնելը չէ: 

«Ես գալիս եմ Ձեզ հետ խոսելու: Խնդրում եմ, կոչ եմ անում բոլորին առանց այն էլ լարված այս իրավիճակում կրքեր չբորբոքել: Ձեզ հետ խոսելիս հայացքս չեմ փախցնելու, քանի որ պարտավորություններ ունեմ Ձեզնից յուրաքանչյուրի առաջ: Կփորձեմ ի ցույց դնել, որ դրանք կատարել եմ և կատարում եմ լիարժեք»,-ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 21-ին այցելելու է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու սահմանազատման պատճառով սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների խնդիրներին: Այս հայտարարությունից հետո Գորիսի քաղաքապետը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով սյունեցիներին առավոտյան ժամը 06։00-ին Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունով մեկնել Սյունիքի դարպասներ՝ արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ։ Քաղաքացիների ակցիայից ժամեր առաջ, ըստ մամուլում շրջանառվող տեղկության, ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը։

 --00—ԼՄ