Թուրքիայի ՍԴ-ն վերադարձրել է քրդամետ կուսակցության գործով մեղադրական եզրակացությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

Թուրքիա

Թուրքիայի սահմանադրական դատարանը երկրի գլխավոր դատախազությանը վերադարձրել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  (ԺԴԿ-HDP)  գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։

Որոշումը կայացվել է հայցադիմումի «դատավարական թերությունների» կապակցությամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Մեղադրական եզրակացությունում պահանջվում է արգելել քրդամետ կուսակցության ավելի քան 600 անդամին քաղաքական գործունեություն իրականացնել։ 

Հետաքննության շրջանակներում, ասվում է, որ քրդամետ կուսակցությունը համարվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) քաղաքական թևը։ 

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ HDP-ի երկու համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը այժմ անազատության մեջ են, որոնց նկատմամբ առաջադրվել են մի շարք մեղադրանքներ։ 

Մարտի 17-ին Թուրքիայի գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով լուծարել քրդամետ կուսակցությունը։

Ըստ մեղադրականի՝ ԺԴԿ-ի անդամներն իրենց հայտարարություններով ու ելույթներով «նպատակ ունեն մասնատել, ոչնչացնել ազգ–պետություն անքակտելի միասնությունը»։ Դատախազը նաև մեղադրել է ԺԴԿ-ին՝ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ համագործակցելու, անգամ՝ որպես այդ կուսակցության մի ճյուղ գործունեություն ծավալելու, ահաբեկչությանը աջակցելու մեջ։

Մեղադրականում հղում է կատարվել Թուրքիայի սահմանադրության 69-րդ հոդվածի 6-րդ կետին, ինչպես նաև՝ Քաղաքական կուսակցությունների մասին օրենքի 103-րդ հոդվածին, համաձայն որոնց՝ «քաղաքական կուսակցությունը ենթակա է մեկընդմիշտ փակման, եթե այն իր գործուներությամբ խախտում է սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետը։ Միևնույն ժամանակ, օրենքը սահմանում է, որ այդ խախտումը պետք է հաստատվի սահմանադրական դատարանի կողմից։

Եթե Թուրքիայի սահմանադրական դատարանը բավարարի հայցի պահանջները և պարտադրի դադարեցնել կուսակցության գործունեությունը, ապա որոշման՝ Պաշտոնական պարբերականում հրապարակումից հետո վերոնշյալ գործիչները 5 տարի ժամկետով իրավունք չեն ունենա լինել այլ կուսակցության հիմնադիր, անդամ կամ ղեկավար։

 --00—ՄՀ