Շուռնուխում կովերի անհետացման առեղծվածը․անասունները սահմանն անցե՞լ են, թե՞ ոչ․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News 

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում բնակիչների համար կյանքը դարձել է ոչ ապահով: Մարտի 19-ից մինչ օրս այդ համայնքից 20 կով է անհետացել, որից գտնվել է միայն մեկը: Սակայն ուշագրավ են այդ 13 կովերի անհետացման հանգամանքները: Մասնավորապես, համայնքում առկա տեղեկատվության համաձայն՝ 13 կովերը ոչ թե ադրբեջանական կողմ են անցել, այլ հենց շուռնուխցիներն են այն վերցրել գյուղացի Գավրուշի ընտանիքից միջանձնային հարաբերությունների պատճառով: Եվ այս առումով հակասական են նաեւ պաշտոնական մեկնաբանությունները:

Օրինակ՝ Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է. «Ո՛չ հայկական սահմանապահները, ո՛չ ռուսական սահմանապահները չեն հաստատել, որ անցել են, իսկ ադրբեջանական կողմը մեկ հերքել է, մեկ հաստատել: Գավրուշի տղան գնացել է այնտեղ, չեն գտել: Ես այլ ինֆորմացիա եմ ստացել, որը չեմ կարող հրապարակել», – ասել էր Ղահրամանյանը՝ խորհրդավոր գաղտնիություն պահելով: Իսկ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այդ 13-ի մասով ադրբեջանցիները ռուսներին ասել են՝ կգտնենք, կբերենք: Կարող է՝ անցել են, կարող է՝ չեն անցել»։

Ու այդպես էլ անհասկանալի մնաց՝ ի վերջո որտեղ են 13 կովերը։ Ու որքան էլ համայնքի ղեկավարը սուտասան է անվանում պատգամավորին, սակայն միեւնույն ժամանակ պաշտոնական հաստատում էլ չի եղել, որ այդ 13 կովերը ադրբեջանական կողմում են: Ստացվում է՝ Սյունիքի սահմանամերձ համայնքում ապրողներն իրականում լուրջ խնդրի առջեւ են կանգնած: Անվտանգ չէ ոչ միայն սահմանը, այլ հենց գյուղերի ներսում նախ կենդանիների, նաեւ, բնականաբար, մարդկանց կյանքը։ Փաստ է, որ կովերը չկան, փաստ է, որ սահմանը հսկողները հայկական եւ ռուսական կողմից հստակ ինֆորմացիա չեն տրամադրում, փաստ է, որ չի էլ հաստատվել երրորդ կողմից արված գողության վարկածը։ Կարճ ասած՝ անիշխանություն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ