Ադրբեջանի հետ նոր համաձայնագիր կնքելու մասին լուրը շոկ է առաջացրել ՀՀ-ում. «Коммерсантъ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

նկար

«Коммерсантъ» պարբերականը հոդված է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածության վերաբերյալ՝ հայտնելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հաստատել է, որ Բաքվի հետ համաձայնագիր է նախապատրաստվում, որը վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը, և որ ընդդիմությունն անմիջապես բողոքի ակցիաներ է նախաձեռնել՝ պահանջելով զրկել Փաշինյանին նախքան ընտրությունները որևէ համաձայնագիր ստորագրելու իրավունքից: 

Հոդվածագիրը նաև հիշեցնում է կառավարության նիստին Փաշինյանի հայտարարությունը, թե պատրաստ է Ադրբեջանի հետ նոր համաձայնագիր կնքել Հայաստանի արևելյան սահմանին՝ Սև լճի և Վերին Շորժայի հատվածներում, մոտ 600 ադրբեջանցի զինծառայողների տեղակայման ֆոնին, որը, սակայն, շոկ է առաջացրել երկրում:

Հոդվածագիրը նաև ընդգծում է, որ Փաշինյանն ասել է՝ չի կարող հրապարակել փաստաթուղթը, քանի որ դեռևս ընթանում են աշխատանքային քննարկումներ, բանակցություններ, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը հայտարարել են, որ այս փաստաթղթի վերաբերյալ տեղեկություն չունեն: Մինչդեռ ընդդիմությունը պահանջել է անհապաղ հրապարակել փաստաթղթի տեքստը՝ կասկածելով, որ Փաշինյանը «սվերային գործարքի» է գնում Բաքվի հետ՝ դեմ գնալով ազգային շահերին:

Փորձելով հանդարտեցնել կրքերը՝ Փաշինյանը մանրամասնել է՝ Բաքվի հետ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսը, շարունակում է հոդվածագիրը և մեջ բերում Փաշինյանի՝ այդ մասով արված պարզաբանումը։

«Կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ են․․․ Դեռևս 1990-ականներից կան մարտական դիրքեր, որոնք ՀՀ տարածքում են։ Հիմա վերջապես  պետք է հասկանանք՝ ինչ ենք անում։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան նշանակում է՝ փակել այդ թեման»,-Փաշինյանի ԱԺ ելույթից մեջբերում է հոդվածագիրը և հավելում, որ այդ հայտարարությամբ նա փաստացի հաստատել է փաստաթղթի իսկությունը, որի մասին ավելի վաղ հրապարակել էին  լրատվամիջոցներն ու թելեգրամյան որոշ ալիքներ:

Ըստ փաստաթղթի՝ մինչ մայիսի 31-ը Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովի շրջանակում ազգային պատվիարկություններ ձևավորեն: Ենթադրվում է, որ հանձնաժողովն իր առաջին նիստը կգումարի մինչ հունիսի 30-ը. բոլոր հարցերը քննարկվելու են բացառապես քաղաքական և դիվանագիտական ուղիներով:

«Коммерсантъ»-ը նաև գրում է, որ նոր զինված հակամարտության սպառնալիքը մարտահրավեր է Մոսկվայի համար, որն առանցքային դեր է ունեցել Արցախյան երկրորդ պատերազմի դադարեցման և նոյեմբերին հայտարարությունը ստորագրելու հարցում: 

Առավել մանրամասն՝ այստեղ։

--00—ԼՄ