Քերոբյանն ամեն կերպ ուզում է ապացուցել, որ երկնիշ տնտեսական աճի պայմաններում ենք ապրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Մինասյան Արմեն

Քաղաքագետ Արմեն Մինասյանն արձագանքել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գրառմանը, թե «Հայաստանում ներդրումները հորդում են, աշխատատեղերը՝ ավելանում»։

«Քերոբյանի կարծիքով՝ ապրիլին 23,2% տնտեսական ակտիվության ցուցանիշը եկել է ավետելու երկնիշ տնտեսական աճի մասին: Էկոնոմիկայի նախարարը մոռացել է, որ համեմատության օբյեկտը 2020-ի ապրիլն էր՝ ամիս, երբ Հայաստանը տոտալ լոքդաունի մեջ էր, ու իր կառավարությունը գրեթե ցանկացած տնտեսական գործունեության համար մարդկանց վրա վարչական տուգանք էր գրում:

Ժողինստիտուտի 1-ին կուրսի ցանկացած ուսանող նման համեմատության, վիճակագրական ցուցանիշները նման կերպ մեկնաբանելու համար ամոթանք կտա, մինչդեռ էկոնոմիկայի նախարարը փորձում է դա դարձնել դրոշակ:

Ավելին՝ եթե Քերոբյանը ուշադրություն դարձներ դոլարի փոխարժեքին, սպառողական գներին այս և անցած տարվա ապրիլների դրությամբ, նա կամաչեր նույնիսկ «աճ» բառը արտաբերելուց:

Նույնը վերաբերում է նաև հունվար-ապրիլ ժամանակահատվածին: Տնտեսական ակտիվության 2,6% ցուցանիշը չի կարող վկայել աճի մասին, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում լոքդաունի պատճառով շոշափելի անկում ես ունեցել ու համեմատության բազան մեղմ ասած համարժեք չէ:

Եվ ի վերջո չկտրվենք գետնից: Չի կարող Հայաստանը վերածվել շինհրապարակի, երբ Հայաստանի պաշտոնական ցուցանիշներով հիմնական շինանյութերի թողարկման ծավալներն այս տարվա առաջին եռամսյակին նվազել են 10-40%-ով:

ՀԳ. Քանի որ Վահան Քերոբյանը, թքած ունենալով տնտեսագիտության վրա, ամեն կերպ ուզում է ապացուցել, որ մենք երկնիշ տնտեսական աճի պայմաններում ենք ապրում, առաջարկում եմ՝ սպասել ևս 3 ամիս, ու 2021թ. օգոստոսի տնտեսական ցուցանիշները համեմատել 2020թ. ապրիլի հետ:

Իսկ բոլոր նրանք, ովքեր ուզում են իրական պատկերացում կազմել մեր տնտեսության մասին, ընդամենը տեղեկացնեմ, որ 2021թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճի տեմպը (ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշը) կազմել է -3,3%»,– գրել է նա:

--00--ԱԹ