Հայկ Կոնջորյանը՝ ՔՊ խմբակցության ղեկավար, Նազելի Բաղդասարյանը՝ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր վարչության անդամները հանդիպել են նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների հետ: Ինչպես հայտնում է 1lurer.am-ը, 1.5 ժամ տևած քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը և հավաքի մասնակիցներն աշխատանքային հարցերի են անդրադարձել, խոսել նաև կադրային նոր փոփոխությունների մասին:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ քննարկվել են 8-րդ գումարման Ազգային ժողովին վերաբերող ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային հարցեր:

«Պետք է տեղեկացնեմ, որ խմբակցությունում պատգամավորների հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ վարչությունն առաջադրել է խմբակցության ղեկավարի թեկնածու՝ Հայկ Կոնջորյանին և խմբակցության քարտուղարի թեկնածու՝ Նազելի Բաղդասարյանին»,- հայտնել է Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ այս պահին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նրանց առաջադրել այդ պաշտոններում: 

Հարցին՝ հնարավո՞ր են արդյոք փոփոխություններ՝ կապված ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի պաշտոնների հետ, Մակունցը նշել է՝ ինքը կարող է տեղեկություններ հաղորդել միայն խմբակցության ղեկավարի և քարտուղարի վերաբերյալ:

«Այն ժամանակ, երբ լինի հստակություն՝ այլ հարցերի հետ կապված, նույնպես կհրապարակենք»,- հավելել է Մակունցը:

--00--ԱԹ