Ադրբեջանը փորձելու է ճնշումները մեծացնել, որպեսզի ամբողջացնի կապիտուլացիայի երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ադրբեջանական սադրանքները վերջին մեկ շաբաթվա ընթացքում, տարբեր դրսևորումներ են ստանում։

Հատկապես մտահոգիչ է մեր 2 զինծառայողի՝ Սև լճի հատվածում կորելու կամ գերեվարվելու հետ կապված խնդիրը (այս պահի դրությամբ միջադեպի մանրամասներն անհայտ են), ինչպես նաև՝ Երասխի հատվածում լարվածության աճը (օրեր առաջ հայ զինծառայող է զոհվել)։

Պաշտպանության նախարարությունը օպերատիվ իրադրության մասին տեղեկություններ փոխանցում է, սակայն դեռ պարզ չէ, թե ռազմական տեսանկյունից ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը։

Խնդիրը զուտ դիրքային առավելություն ստանալն է՞, թե սա ռազմավարական խնդիրներ լուծելու ճանապարհին ադրբեջանական սցենարի դետալներից մեկն է։

Քաղաքական տեսանկյունից, բնականաբար, Ադրբեջանը փորձելու է ճնշումները մեծացնել, որպեսզի ամբողջացնի Հայաստանի կապիտուլացիայի երկրորդ փուլը, ինչը դուրս է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությունից»։

--00--ԱՀ