Հայաստանում բավարար չեն տեղական արտադրողին պաշտպանելու մեխանիզմները․ գործարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Տնտեսական

Հայաստանում 2021 թվականին արդյունավետությամբ աչքի ընկած բիզնեսոլորտները կապված են արտաքին շուկայի հետ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «ՄԱՆԹԱՇՈՎ» գործարարների միության նախագահ, գործարար Վահրամ Միրաքյանը։

Ըստ Միրաքյանի՝ «ՄԱՆԹԱՇՈՎ» միությունում հիմնականում ընդգրկված են միջին ու խոշոր բիզնեսները, իսկ շրջանառության մինիմալ շեմը, որով կարող են բիզնեսները միությանն անդամակցել, տարեկան 150 միլիոն դրամն է։

Գործարարը արդյունավետությամբ աչքի ընկած ոլորտները մի քանի մասի բաժանեց․ «Առաջինը ծառայություններն են, որի մեջ մտնում է նաև ՏՏ ոլորտը, արտաքին աշխարհի հետ կապված ծառայությունները։ ՏՏ-ի մեջ մտնում են նաև նորարարական բիզնեսմոդելները, որոնք օնլայնացման պարագայում սկսեցին ավելի զարգանալ։ Երկրորդը, շահեցին այն ընկերությունները, որոնք որ մրցակցում էին թուրքական ընկերությունների հետ։ Անցյալ տարի շահեցին, որովհետև թուրքական ապրանքները սահմանափակվեցին։ Օրինակ՝ ունենք ընկերություն, որը սկսեց սոսինձ արտադրել, օրինակ՝ թղթյա հիգիենիայի պարագաներ արտադրող ընկերությունները։ Մասամբ նաև հագուստը, առանձնապես հագուստ արտադրող խոշոր կազմակերպություններ չունենք»։

«ՄԱՆԹԱՇՈՎ»-ի նախագահն ասաց, որ իրենց շրջապատում գործերը դրական զարգացման միտում ունեն․ «Զսպանակաձև իրավիճակը զարգացավ քովիդի վերջին սահմանափակումների թուլացումից հետո, գուցե պատճառներից մեկը դա է։ Երկրորդը, մեր միջավայրում ավելի շատ ձգտող, ստեղծագործող, ավելի պոզիտիվ տրամադրված գործարարներ են»։

Ըստ նրա՝ անցյալ տարին հաջողակ էր գյուղատնտեսական այն ընկերությունների համար, որ արտաքին շուկայի համար են աշխատում․ «Պատճառներից մեկը, որ կարտոֆիլի բերքը Ռուսաստանում վատ էր, արտահանումը շատ եղավ։ Տարբեր պայմաններից ելնելով՝ անցյալ տարի արտահանումն ավելի մեծ քանակի էր։ Բացասականն այն էր, որ թուրքական լոլիկն էլի վրացական անվան տակ մտնում էր Հայաստան, ինչը տեղական արտադրողին խոշոր հարված էր հասցնում»։

«Դեռ բավարար չեն տեղական արտադրողին պաշտպանելու մեխանիզմները։ Դա վերաբերում է ոչ միայն թուրքական, այլև չինական ապրանքներին։ Մենք ազգային հարցերի հետ չենք կապում, թշնամանք և այլն, զուտ տնտեսական տեսանկյունից ենք ասում։ Շատ-շատ երկրներ իրենց սեփական արտադրողի համար պաշտպանողական մեխանիզմներ ունեն, սկսած ԱՄՆ-ից վերջացրած ԵՄ-ով։ Երկրորդն էժան փողի հասանելիության հարցն է։ Բիզնեսը փողով է զարգանում, չէ՞, բիզնեսի փողի հիմնական ճանապարհը վարկային ճանապարհն է Հայաստանում, բայց շատ այլ տեսակի փողեր էլ կան արտասահմանում։ Մյուսը բիզնեսի մեղքն է, գիտելիքի և ամբիցիաների պակասը՝ ամբողջ աշխարհը գրավել, մեծ շուկաներ մտնել, շրջանառություն և այլն։ Շատ բիզնեսներ ինչ-որ տոկոսի են հասնում, ասում են՝ «Լավ, ինձ էդքանը հերիք ա», որը որ իրականում բիզնեսի, տնտեսության զարգացման համար խնդիր է։ Այլընտրանքային ֆինանսավորման ճանապարհներ, ներդրողների ներգրավում, բիզնեսի զարգացման ճանապարհներ, արտաքին շուկայի ներգրավում, որոնց իրականցման համար գիտելիքային հիմք է պետք։ Պետական համակարգերում բյուրոկրատիան․ բիզնեսի խնդիրն այնքան դանդաղ է լուծվում, որ բիզնեսը վարի է գնում, կամ էլ պետք չէ, խնդիրը լուծվել է արդեն», - նշեց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանում ապրանքների գնաճին, ապա ըստ միության ղեկավարի՝ գնաճի միտումն ամբողջ աշխարհում է։ «Պատճառները մի քանիսն են, կա հիմնականում երկու պատճառ՝ քովիդ և ինֆլացիա։ Սկսեցին գումար լցնել տնտեսության մեջ, առաջին հերթին Միացյալ Նահանգները, բնական է, որ դա պետք է ինֆլացիա առաջացներ։ Քովիդի պատճառով շատ արտադրական ճյուղեր կտրվեցին, կարճացան։ Պայմանական 100 հազար միավոր ապրանք մի տարի ընդհանրապես չարտադրվեց, երկրորդ տարի 200 հազար պետք է արտադրվեր, չարտադրվեց և այլն։ Ամբողջ աշխարհում է, միայն ներհայաստանյան միտում չէ։ Սպասելի էր գնաճը», - եզրափակեց Միրաքյանը։

--00--ԿԿ