Բուհերի դիմորդները բանավոր քննություն չեն հանձնի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 25News
 

,

«Դիմորդները հնարավորություն ունեն գալիք ուսումնական տարվանից բուհերի ընդունելության քննություն հանձնել երկու անգամ: Կարգավորումը նախատեսված է ընդունելության կարգում կատարված վերջին փոփոխությամբ»: Այս և բուհերի ընդունելության գործընթացին առնչվող այլ հարցերի մասին այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում խոսել են Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը և Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը:

Լուսինե Գրիգորյանի խոսքով` ընդունելության կարգում կատարված հիմնական փոփոխությունը վերաբերում է բացառապես քննությունների կազմակերպման գործընթացին: Դիմորդը քննություն կհանձնի երկու անգամ` նույն ուսումնական տարվա հունվարին և հունիսին: Ընդունելության մրցույթը կատարվելու է միայն մեկ անգամ` ամռանը` ընդունելության քննությունների ավարտից հետո:

«Հաճախ թյուրընկալում է լինում այն առումով, որ բուհերի ընդունելության մրցույթը երկու անգամ է կազմակերպվելու. նման բան չկա: Կարգում կատարված փոփոխությամբ գալիք տարվանից հնարավորություն է տրվում միասնական քննություն հանձնել երկու անգամ։ Մրցույթը, ինչպես միշտ, լինելու է մեկ անգամ, ամառվա ընթացքում՝ ընդունելության քննությունների ավարտից հետո, մինչև հուլիսի 15-ը կամփոփվեն ընդունելության մրցույթի արդյունքները: Մրցույթի ժամանակ հաշվի կառնվի նույն առարկայի քննությունից դիմորդի ունեցած առավել բարձր միավորը»,- պարզաբանել է Լուսինե Գրիգորյանը։

 

--00--ՆՍ