300 հազարական դրամի չափով սոցաջակցության ծրագրի շրջանակում ապօրինի ստացվել է 47.7 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

ահ

2020 թ. նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշումը, որի իրագործման ընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ ԱՀ իրավապահ մարմինների կողմից հարուցվել էին քրեական գործեր․ տեղեկացնում են ԱՀ դատախազությունից։

«Հիշյալ գործերով իրականացված նախաքննության ներկա փուլում ձեռք բերված ապացուցողական տվյալներով հիմնավորվել է, որ ընդհանուր 159 ԱՀ քաղաքացի, չունենալով ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ սահմանված աջակցությունը ստանալու իրավունք, նշված որոշման սխալ մեկնաբանման ու կիրառման արդյունքում ներառվել էր շահառուների ցանկում և ստացել հատկացվող 300.000 դրամի չափով աջակցությունը: Այդպիսով ՀՀ պետական բյուջեից որպես սոցիալական աջակցություն ավել է վճարվել ընդհանուր 47.700.000 դրամ գումար:

Հիշյալ գումարի մի մասը քաղաքացիների կողմից կամովին հատուցվել է, իսկ մնացյալների վերաբերյալ հաղորդվել է ՀՀ իրավասու մարմնին՝ անհիմն հարստացած անձանց նկատմամբ գույքային պահանջ ներկայացնելու հարցը քննարկելու համար:

Վերոհիշյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է՝ սոցիալական աջակցության ներկայացված ծրագրի կիրառման ընթացքում ապօրինությունների ու չարաշահումների հերթական դեպքերը վեր հանելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

--00—ԼՄ