Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին․ քննարկվել են համագործակցային որոշ հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Ողջունելով դեսպանին` Արարատ Միրզոյանը փաստել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են դինամիկ եւ բովանդակալից: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը տարիներ շարունակ Հայաստանի Ազգային ժողովին աջակցելու եւ մեր երկրում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար:

Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, փոխանցել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի` Գերմանիա այցի հրավերը, որն օրենսդիր մարմնի ղեկավարը սիրով ընդունել է: Նա կարեւորել է խորհրդարանական կառավարման համակարգին անցած Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությունը, մասնավորապես ընդգծել Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ազգային ժողովի աշխատակազմի եւ բյուջետային գրասենյակի ետ համատեղ աշխատանքը` հավելելով, որ այն ընդլայնելու նպատակ ունեն:

Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի առավել ակտիվացումը, պատգամավորական բարեկամական խմբերի փոխայցերն ու փորձի փոխանակումը: Զրուցակիցները համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ հավելյալ քայլեր ձեռնարկելու, նոր` ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձեւաչափերով համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս