Հայաստանը ստիպված է լինելու հաշտվել այն փաստի հետ, որ ԼՂ հակամարտությունը լուծվել է. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Ալիև ԼՂ

Ադրբեջանը կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը, և Հայաստանը պետք է հաշտվի դրա հետ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է interfax.az-ը։

«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է. Մենք լուծել ենք այդ հարցը, և դա ընդունում է ողջ աշխարհը, անկախ նրանից՝ Հայաստանը դա ուզի, թե ոչ։ Ինչ վերաբերում է «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչական միավորին, ապա Ադրբեջանի տարածքում նման միավոր չկա։ 

«Լեռնային Ղարաբաղ» բառը միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց դա», -հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Նրա խոսքով, Հայաստանը պետք է հաշտվի այդ փաստի հետ։ Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Ալիևն ասել է, որ այդ կառույցն արդեն անցյալում է։

«Մինսկի խումբն ավարտել է իր գործունեությունը։ Ես իմ կարծիքը հայտնել եմ Մինսկի խմբի վերաբերյալ, կրկնելու կարիք չկա։ Եկել է հետկոնֆլիկտային շրջանը, որտեղ մե՛նք ենք թելադրում օրակարգը և պատերազմից հետո՝ մեկուկես տարվա ընթացքում հասել ենք մեր ուզածին։ Այն, ինչի մասին ես խոսում էի, արդեն ձեռք է բերվել կամ ձեռք է բերվում»,- ասել է Ալիևը։

--00--ԱԱ