Դատարանը վարույթ է ընդունել Սորոսի հայաստանյան հիմնադրամի լուծարման պահանջով հայցադիմումը

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 2, 24News

soros.thumb_.jpg

Սորոսի հայաստանյան հիմնադրամի լուծարման պահանջով փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Մարգարիտա Գյուլումյանի հայցադիմումը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Մարգարիտա Գյուլումյանը պահանջում են լուծարել Հայաստանում կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային գրասենյակը:

«Նկատի ունենալով հարցի խիստ կարևորությունը և հրատապությունը, ինչպես նաև դատական գործերի քննության երկարատև ժամկետները, ելնելով այդ օֆշորային գրասենյակի պետականաքանդ և հակազգային գործունեությունը շուտափույթ դադարեցնելու օրվա հրամայականից, կանխարգելելու համար բոլոր հնարավոր վտանգները, դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և անհապաղ կասեցնել Սորոսի օֆշորային գրասենյակի գործունեությունը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո իրականություն կդառնա այդ չարաբաստիկ գրասենյակի վերջնական վտարումը մեր Հայրենիքից»,- ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 14-ին և նույն օրը մակագրվել դատավոր Ա. Սուքոյանին։ Հունիսի 23-ին դատարանը վարույթ է ընդունել այն։ Գործով որպես երրորդ անձ է ներգրավված ՀՀ արդարադատության նախարարությունը։ Ի դեպ, հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ՝ մերժվել է։

--00--ԶՀ

Տեսանյութեր