Թովմասյանն ընդունել է Համազգային կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ և Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար  Զաքար Քեշիշյանին։

Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Արթուր Թովմասյանը ողջունել է պարոն Քեշիշյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ՝ընդգծելով, որ Շուշիի «Վարանդա» երգչախմբի օրինակը Սփյուռքի կողմից Արցախում  իրագործած աշխատանքներից լավագույնների շարքում է։

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը կիսվել է վերջերս Լիբանան և Կիպրոս կատարած այցերից ստացած  տպավորություններով։

Զաքար Քեշիշյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Արցախում են Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի 30-ամյակը նշելու նպատակով։ Այդ առիթով Ստեփանակերտում երգչախումբը իրականացնելու է համերգաշարեր։

Հանդիպմանը, որին ներկա էր ՀՅԴ  Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, անդրադարձ է կատարվել Սփյուռքի ներուժի  ներգրավմամբ Արցախում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված աշխատանքներին։

--00--ՀԱ