Գեներալ Հարությունյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

0cde5115-d53c-45f6-98cd-1c7b025ef9c5.jpg

Հրանոթային կրակոցների գործով մեղադրյալ, ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց գեներալի փաստաբան Հակոբ Ենոքյանը:
 
«2 ամիս սկզբնական կալանքից հետո, երբ նախաքննական մարմինը կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացրել, դատարանը գտավ, որ պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել գրավի կիրառմամբ։ Կիրառեց գրավ, և Հարությունյանն ազատ արձակվեց», - ասաց Ենոքյանը։
 
Փաստաբանը կիրառված գրավի չափը չնշեց։
 
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում գործող ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքի ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանը, օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը, ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքն ընդունելու գործընթացին։
 
Ըստ ԱԱԾ-ի՝ ՊՆ են մատակարարվել 523.089.000 ՀՀ դրամին համարժեք 1.083.000 ԱՄՆ դոլարի ոչ համապատասխան հրանոթային կրակոցներ, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:

--00—ԶՀ