ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի (Global IT Award) հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ նախագահ Վահագն Խաչտուրյանը մրցանակը հանձնեց IBM-ի փոխնախագահ Լեոն Սթոքին:
Նախքան մրցանակի հանձնումը «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտում զգալի աճ է գրանցվել, գործող ընկերությունների թիվը հասնում է մոտ 3 հազարի, որոնց մեջ են տասնյակ հմաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների: «Ստատափները վերջին 2 տարում աճել են մոտ 70 տոկոսով եւ այժմ ունենք մոտ 2 հազար ստատափներ: ՏՏ ոլորտը տարեկան գրանցում է 20 տոկոս աճ, իսկ ՀՆԱ-ում նրա տեսակարար կշիռը կազմում է մոտ 5 տոկոս»,-ասաց նա:
Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշեց. «Համոզված եմ, որ բոլորիս մեջ էլ հպարտության զգացում կա, որովհետեւ ամեն երկրի ղեկավար չէ, որ նման հնարավորություն ունի՝պարգեւ հանձնել համաշխարհային նշանակություն ունեցող մի ընկերության ներկայացուցչի: Իր հետ հանդիպմանը ես էլ փորձում էի հասկանալ, թե իր մոտ ինչ զգացողություններ կան: Համոզվեցի, որ տաղանդավոր մարդիկ ինչպես միշտ, լինում են համեստ: Մեծ պատիվ եւ ինձ համար, եւ ՀՀ-ի համար այսօր հնարավորություն ունենալ պետական մրցանակ շնորհել Լեոն Սթոքին:
Մեզ համար այլ զարգացման ճանապարհ չկա կրթությունից ու գիտությունից զատ: Մենք ունեցել ենք ժամանակին բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ես անընդհատ ասում եմ, որ մենք պարտավոր ենք վերականգնել այդ ավանդույթները: Համոզված եմ, որ դրան կհասնենք: Այս ճանապարհը մեզ տանում է կյանքի որակի բարձրացում, բարեկեցություն եւ նաեւ անվտանգության բարձրացում»:
Լեոն Սքոթի թիմն առաջարկում է նախագծման և ստուգման հոսքեր և գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների, IBM Z և Power համակարգերի և IBM Quantum Systems-ի նախագծման համար:
IBM-ը դասվում է աշխարհի խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների շարքում, որը տրամադրում է ապարատային, ծրագրային ապահովման լայն սպեկտր, ինչպես նաև ամպային հաշվարկներ և տվյալների վերլուծություն, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ: Ընկերության նշանակալից գյուտերից են ճկուն սկավառակը, կոշտ սկավառակը և UPC շտրիխ կոդը:
Լեոնի հիմնական ներդրումն է նորարարական չիպերի ստեղծումը IBM-ի արտադրանքների համար, որոնց թվում են ռոբոտատեխնիկան, ավտոմատացումը, արհեստական ինտելեկտը, ամպային հաշվարկը, խորհրդատվությունը, բլոկչեյնը, համակարգչային տեխնիկան, ծրագրային ապահովումը, քվանտային հաշվարկը:
Լեոն Սթոկը էլեկտրատեխնիկա է սովորել Նիդեռլանդներում՝ Էյնդհովենի տեխնոլոգիական համալսարանում, որը նա գերազանցությամբ ավարտել է 1986 թվականին: Դոկտորական աստիճանը ստացել է Էյնդհովենի համալսարանում 1991 թվականին:
1999-2004 թվականներին նա ղեկավարել է IBM-ի դիզայնի ավտոմատացման բոլոր հետազոտությունները՝ որպես IBM Research-ի դիզայնի ավտոմատացման ավագ մենեջեր:
Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից և հուշախորհրդանիշից:
--00—ԻԴ