Պապիկյանն արգելել է ընդդիմադիր պատգամավորներին այցելել եռամսյա հավաքների վայրեր

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News  

s
         

Շուրջ 1 տարի Պաշտպանության նախարարությունը մերժում է ընդդիմադիր պատգամավորների դիմումները՝ այցելել եռամսյա վարժական հավաքների վայր, զորամասեր՝ տեղում պայմաններին ծանոթանալու համար։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորն ասաց, որ մի բացառություն է եղել, այն էլ՝ «Հայաստան» խմբակցությունն էր դիմել՝ ամանորին այցելել զորամասեր՝ զինվորներին շնորհավորելու. «Նաեւ իշխանական պատգամավորներն էին միացել այս նախաձեռնությանը։ Մնացած դեպքերում մերժման ենք արժանանում։ Եվ մերժումը մեկ պատճառ ունի՝ ՊՆ-ում չեն ցանկանում, որ գործին ծանոթ պատգամավորները տեղում լինեն, տեղում հետեւեն, թե ինչ իրավիճակ է։ Եվ երկրորդը՝ եռամսյա հավաքների դեպքում շատ է խոսվում, որ զորակոչերը պայմանավորված են եղել մեծամասամբ քաղաքական հայացքներով, և այս փաստը հնարավոր էր արձանագրել տեղում, ուստի, ՊՆ-ն թույլ չէր տվել այցելել հավաքների վայր»։

Գեղամ Մանուկյանի խոսքերով՝ առավել վշտալի էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մերժման հիմնավորումը, որ ՊՆ-ն նպատակահարմար չի գտնում այցելությունը, իբրև թե հավաքի մասնակիցները «ներդաշնակման, պայմաններին ընտելանալու փուլում են, առաջնագծում են»։ «Բոլորը միմյանց հետ զորակոչվել են, մի մասն էլ արդեն առաջնագծո՞ւմ է։ Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանը կարելի էր ստանալ տեղում, բայց, ցավոք սրտի, չեղավ թույլտվություն։ «Դիմադրություն» շարժումը Պաշտպանության և անվտանգության հանձնաժողով ունի՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։ Օհանյանը նախնական համաձայնություն ուներ, բայց երբ որ արդեն մեկնում էինք Կապան, Ներքին Հանդ, ՊՆ-ից և տեղի զինվորական ստորաբաժանումների հրամանատարության կողմից չեղավ ընդառաջում՝ այցելել տեղի զորամասեր արդեն Սյունիքի հատվածում», - եզրափակեց Մանուկյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ