«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» դատապարտել է սերիալում ցուցադրվող բռնությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Kuyr-Ashxarh.jpg

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարություն է տարածել «Արմենիա» հեռուստաընկերության «Կույր աշխարհ» սերիալի վերաբերյալ՝ դատապարտելով դրանում ցուցադրվող բռնությունը։ Հայտարարությունը՝ ստորև․

«Արմենիա» հեռուստաընկերությունը օրերս մեծ հնչեղությամբ սկսել է հեռարձակել հերթական սերիալը, որը շարունակում է հղփացած, բիրտ ու բռնարար, անշնորհք բառապաշարով տղամարդկանց և որբ, դժբախտ, բամբասկոտ, անվերջ բռնության ենթարկվող կանանց կերպարային մոդելների վերարտադրությունը։ Առաջին անգամը չէ, որ մենք հայտարարություն ենք տարածում նույն հեռուստաընկերության արտադրած հեռուստասերիալներում բռնության առկայության վերաբերյալ։ Մեր հայտարարության արդյունքում «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Սակայն կարծես սա բավարար միջոց չէր՝ կանխելու ակնհայտ բռնության ցուցադրությունն ու քարոզը, և այս անգամ հեռուստատեսային նախագիծն է՛լ ավելի հեռու է գնում։ «Կույր աշխարհ» հեռուստասերիալի սցենարային հիմքը կնոջ կուսաթաղանթն է, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Հեռուստասերիալի հենց այս դրվագն է տարածվում որպես սյուժետային համառոտ շարադրանք (անոնս), որը պատմում է նորապսակ զույգի ամուսնական առաջին գիշերվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Այն, որ աղջիկը կուսաթաղանթից զրկվել է անհավանական տրավմայի արդյունքում, քննարկման ենթակա չէ, բայց այն բռնությունը, ապա նաև բռնաբարությունը, որ կատարվում է տրավմայի արդյունքում կուսության կորուստը հավաստող բժշկական փաստաթղթի անհետանալուց հետո, ուղղակի նողկանք է առաջացնում։

Անընդունելի է կուսության թեման վերստին դարձնել մեր հասարակության կարևորագույն, անկյունաքարային արժեքներից մեկը, որը, իբրև թե «արդարացիորեն», հանգեցնում է կանանց նկատմամբ բռնության սիստեմատիկ դրսևորումների։ Իհարկե, մեր հասարակության տարբեր շերտերում դեռևս կան պահպանված վնասակար ավանդույթներ, որոնք մեծ տարբերություններ են դնում կանանց և տղամարդկանց միջև և հանգեցնում խտրականության, ապա նաև բռնության։ Սակայն այդ արատավոր երևույթների նմանօրինակ ներկայացումը հեռուստասերիալների միջոցով անընդունելի է և հղի վտանգներով։

2010 թվականից ի վեր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» արձանագրել է կնասպանության 90-ից ավել դեպքեր, որոնց ուսումնասիրությունը փաստում է․ մի կողմից կանանց նկատմամբ հանցագործությունների կատարումը թույլատրելի է դառնում կնոջ ստորադաս լինելու համոզմունքի գերակայության արդյունքում (մի բան, որ ձևավորվում է հա՛տկապես մեդիայի միջոցով), իսկ մյուս կողմից՝ այդ հանցագործություններն արդարացվում են՝ որակվելով իբրև կնոջ վարքի «հակաբարոյականությամբ» պայմանավորված գործողություններ։

Առկա են բազմաթիվ հետազոտություններ, համաձայն որոնց մեդիայում և հատկապես հեռուստասերիալներում արտացոլված՝ կանանց նկատմամբ խտրականությունն ու բռնությունն անմիջականորեն ազդում են հանրային կյանքի վրա։ Ներկայացվող հերոսները դառնում են վարքային մոդելներ և նպաստում բռնության օջախների բռնկմանը, մարդիկ համարում են, որ հենց դա՛ է իրականն ու ճշմարիտը։

Իրավակարգավորումների տեսանկյունից՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է անկախության առաջին տարիներին՝ 1993 թվականին, լրջագույն ուշադրություն է դարձնում մեդիադաշտի վրա` ընդգծելով, որ այն մեծ ազդեցություն ունի հանրային գիտակցության վրա, և պետությունը պարտավոր է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել մեդիայում կարծրատիպերի և կանանց նկատմամբ բռնության արտացոլումները վերացնելու ուղղությամբ։

Ներպետական օրենսդրության շրջանակներում «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը ևս համարում է, որ գենդերային անուղղակի խտրականության դրսևորման ձևերից է գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով։ Նույն օրենքի 8-րդ հոդվածում հստակ սահմանված են գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, ըստ որոնց՝ գենդերային հավասարության խախտմանն ուղղված տեղեկատվությունից և քարոզչությունից հասարակության պաշտպանությունը պետության պարտավորությունն է։

Այս համատեքստում շատ կարևոր է մեդիադաշտի որակի համար պատասխանատու հանրային մարմինների կարգավորիչ նշանակությունը, որոնց արդյունավետ գործունեությունը կարող է կանխել բռնությունը: Մասնավորապես, այն երկրներում, որտեղ վերահսկողություն կա մեդիայում ցուցադրվող բռնության տեսարանների վրա, աստիճանաբար նվազում է հասարակության շրջանում տեղի ունեցող բռնությունների քանակը: Եվ հակառակը՝ հեռուստասերիալներում քարոզվող բարքերը անմիջական ազդեցություն են ունենում կանանց նկատմամբ բռնության և ակնհայտ խտրական մոտեցումների ամրապնդման հարցում: Այժմ նույնիսկ զարմանալի չի լինի, եթե իրական դեպքեր լսենք առաջին ամուսնական գիեշերը կատարվող դաժան բռնությունների ու կնասպանությունների վերաբերյալ։

Հաշվի առնելով վերոնշյալ խնդրի կարևորությունն ու ազդեցությունը հանրության գիտակցության վրա՝
պահանջում ենք․

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից՝ հրավիրված նիստում դիտարկել «Կույր աշխարհ» հեռուստասերիալում առկա բռնության, բռնաբարության և այլ բռնություն պարունակող երևույթները և տալ իրավական գնահատական։

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովից՝ գումարել նիստ և քննարկել, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել հայաստանյան հեռուստատեսությամբ հեռարձակվող սերիալներում կանանց նկատմամբ խտրականության և բռնության դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։

--00—ԶՀ