Թուրքիայի ընդդիմության առաջնորդը դեմ է երկրաշարժի պատճառով ընտրությունները հետաձգելուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

1

Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից 1 շաբաթ անց քաղաքական դաշտում սկսվել են խոսակցությունները մայիսին տեղի ունենալիք համապետական ընտրությունները հետաձգելու վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ քննարկումների առիթը դարձել է նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամ, խորհրդարանի նախկին խոսնակ Բյուլենթ Արընչի արած առաջարկն ընտրությունները հետաձգելու մասին: Վերջինս ընտրությունները «միայն մեկ անգամ հետաձգելու» առաջարկը հիմնավորել է իշխանությունների՝ երկրաշարժի հետևանքների վերացման  վրա կենտրոնանալու անհրաժեշտությամբ: 

Այդ առաջարկին կտրուկ դեմ է արտահայտվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Վերջինս հակասահմանադրական է անվանել մայիսին նախանշված ընտրությունների հնարավոր հետաձգումը, քանի որ այդ երկրի մայր օրենքը հետաձգում նախատեսում է միայն պատերազմի դեպքում: 

«Սահմանադրությունը շատ հստակ է, միայն պատերազմի դեպքում կարող են ընտրությունները հետաձգվել: Ուստի քանի որ պատերազմ չկա, ընտրությունները չեն կարող հետաձգվել: Ոչ ոք չի կարող Սահմանադրությունից ու օրենքներից դուրս հիմնավորումներ անելով իր համար եզակի իրավական նորմ ստեղծել: Կա սահմանադրություն, եթե ասում ենք, որ Թուրքիան իրավական պետություն է, ապա նման բան չի կարելի անել»,- պարզաբանել է Քըլըչդարօղլուն։

--00—ԼՄ