Վիկտոր Սողոմոնյանը մարտին կթողնի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը. «News.am»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Վիկտոր Սողոմոնյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի հետ NEWS.am-ը զրուցել է Երևանում մեկնարկող լրագրողական վարպետության հատուկ դասընթացների և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում իր հետագա աշխատանքի մասին` տեղեկացնելով, որ մարտին լքում է պաշտոնը։

Հարցուպատասխանից մի հատված ներկայացնում ենք ստորև։

-Ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հայտնվում, թե պատրաստվում եք լքել ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Վերջերս էլ մի պահ շրջանառվեց սոցիալական ցանցերում։ Ճի՞շտ է արդյոք այդ տեղեկությունը։

-Եթե ընդամենը երեք ամիս առաջ հարցնեիք, կասեի՝ ոչ։ Բայց այսօր այդ տեղեկությունը մոտ է իրականությանը։ Մասնագիտական գործունեությունը հետզհետե գերակշիռ է դառնում իմ կյանքում։ Երբ գնահատեցի 2023 թվականի համար նախատեսված գիտական աշխատանքի ու ստեղծագործական նախագծերիս ծավալը, հասկացա, որ շուտով համատեղումը գործնական քաղաքականության հետ անհնար կլինի։ Գումարվեց նաև այն հանգամանքը, որ անձնական գործերիս բերումով այս և, ըստ ամենայնի, նաև գալիք տարվա մեծ մասն անցկացնելու եմ Հայաստանից դուրս, ինչի պատճառով ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի պարտականությունները կարողանալու եմ կատարել հիմնականում հեռավար կարգով։ Ի վերջո, բոլոր այս հանգամանքները ստիպեցին ինձ բարդ որոշում կայացնել։ Նախագահ Քոչարյանի հետ տարվա սկզբին քննարկեցինք իրավիճակը ու պայմանավորվեցինք, որ մարտ ամսին կթողնեմ իր գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Թեև վստահ եմ, որ և մեր գործընկերները, և համախոհները, և քաղաքական շրջանակները քաջատեղյակ են, այնուամենայնիվ, կանխելով հավանական ասեկոսեներն ասեմ․ գրասենյակից հեռանում եմ բացառապես նշածս պատճառներով, առանց որևէ տարաձայնության կամ առավել ևս՝ կոնֆլիկտի։ Ուրախ եմ արձանագրել, որ նախագահ Քոչարյանի հետ 18 տարիների համատեղ աշխատանքը, որ շատ հաճախ ընթացել է կոշտ քաղաքական պայքարի պայմաններում, լինեինք իշխանություն, թե ընդդիմություն, մեր հարաբերություններն անդառնալի բարեկամականի է վերածել ու վեր կանգնեցրել բոլոր տեսակի պայմանականություններից։ Սա պատիվ եմ համարում։ 

-Իսկ չե՞ք մանրամասնի՝ ինչ ստեղծագործական գործունեության մասին է խոսքը։

-Եթե երկու բառով՝ բազմասերիանոց ֆիլմեր նկարահանելու մասին է խոսքը։ Բայց սա ամենը չէ։ Կպատմեմ մի առիթով, առանձին հարցազրույցի առարկա է։

--00—ԼՄ