ՀՀ-ն և Սլովակիան զարգացրել են հարաբերությունները, մի շարք բնագավառներում առկա է չօգտագործված ներուժ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

photo (5)

Խորհրդանշական է, որ ձեր այցը մեր երկիր տեղի է ունենում Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Այս տարիների ընթացքում Հայաստանը եւ Սլովակիան զարգացրել են հարաբերությունները, սակայն մի շարք բնագավառներում առկա է չօգտագործված ներուժ: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակության հետ ապրիլի 4-ին կայացած հանդիպման ընթացքում, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Կարեւորելով Սլովակիայի հետ միջխորհրդարանական համագործակցությունը` Սարգիս Խանդանյանը նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են երկկողմ գործակցության ընդլայնմանը: Հանձնաժողովի նախագահն արժեւորել է հայ-սլովակյան փոխգործակցությունը միջազգային հարթակներում:

Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Սարգիս Խանդանյանին ընդունելության եւ Հայաստան այցելելու հրավերի համար: Մարիան Քերիի խոսքով Սլովակիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Հյուրը նշել է, որ 2020 թվականին Հայաստանում Սլովակիայի ներկայացուցչության բացումը նպաստել է նաեւ երկկողմ առեւտրային կապերի զարգացմանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը եւ դրա հետեւանքով 120.000 հայ բնակչության առջեւ ծառացած հումանիտար եւ պարենային խնդիրներին: Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին` պատգամավորը փաստել է, որ այն մեղմվել է Եվրոպական միության քաղաքացիական դիտորդարական առաքելության իրականացման շնորհիվ: Մարիա Կարապետյանն ընդգծել է միջազգային դիտորդական առաքելության առկայության անհրաժեշտությունը նաեւ Լեռնային Ղարաբաղում:

Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել սլովակ գործընկերներին` Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, հայ ռազմագերիների ապօրինի պահումը եւ ԼՂ հակամարտությանը վերաբերող այլ խնդիրներ հասցեագրող բանաձեւեր ընդունելու համար:

--00—ՅՄ