Արցախում բնակվող ցանկանած անձ ինձ համար կարևոր առաքելություն է ստանձնել Արցախը չհայաթափելու գործում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

MyCollages

28 տարեկան  Խաչատրյան Տաթևիկը ապրում է ամուսնու և 4 տարեկան որդու հետ:

Տաթևիկի ամուսինը մասնագիտությամբ ճարտարապետ է: Շրջափակման հետևանքով մնացել է առանց աշխատանքի, մինչ օրս չունի ոչ մի պատվեր:

Նախ շինանյութի բացակայություն կա, երկրորդն էլ մարդկանց մոտ անորոշություն է, քանզի վաղվա օրվա հանդեպ հավատը շատ թույլ է:

Իրենց ընտանիքը շատ է տուժել, բայց ամեն դեպքում տան տղամարդը աշխատանքի է անցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանում որպես դասախոս:

«Մի կողմից մեզ հույս ենք տալիս, որ ամուսինս աշխատանք ունի, բայց իր վաստակածը անգամ չի բավարարում իր վարձակալած գրասենյակի ու հաշվապահին վճարելու համար:  

Մինչ շրջափակումը պետք էր երեխայի ադենոիդը վիրահատեինք, բայց պլանային վիրահատությունները կանգնեցնելու պատճառով երեխայի վիրահատությունը հետաձգվել է:

Շրջափակման սկզբնական շրջանում ես տանը ոչ մի պահուստավորած ապրանք չունեի, լուրջ չվերաբերվեցինք այս ամենին, մտածելով, որ նախորդի նման էլի շուտ կբացեն:

Երբ տեսնում էի մարդկանց, որ խանութում մնացած ապրանքները ինչ քանակությամբ էին գնում, մտածում էի՝ հերթական խուճապն են տարածում:

Մի կողմից էլ մտածում էի, որ որպես օրինապահ քաղաքացի ես իրավունք չունեմ մասնակցել այդ ամենին ու ևս խուճապ տարածել:

Ժամանակը ցույց տվեց, որ այստեղ գործում է ջունգլիների օրենքը, ես իմ մտածելակերպով երեխայիս զրկեցի անհրաժեշտ սննդից:

Մեզ այդ ընթացքում ձեռք մեկնեցին մեր ընկերները, անգամ ոչ շատ մտերիմ անձ, ով իմանալով, որ ես պահուստավորված ուտելիք չունեի, իր կողմից մեզ է ուղարկում մի փոքրիկ արկղ, բացում և տեսնում եմ մեջը ձու, կաղամբ և այլ ուտելիքներ, բայց ավելի շատ ուրախացա վերաբերմունքից: Ճիշտ է, հետագայում մտերմացանք ու դարձանք ընկերուհիներ,ամեն դեպքում շատ հաճելի էր:

Այդպիսի դեպքերը շատ էին, մի ուրիշ մթնոլորտ էր այդ օրերին տիրում Արցախում: 

Եղել է նաև, երբ աղջիկներից մեկը նեղվել է, որ երեխան կոշիկ չունի, հաջորդ օրը մեկ ուրիշը իր տան նոր կոշիկները բերել և նվիրել է, եղել է նաև, որ շատ լավ վիճակում գտնվող հագուստն են իրար փոխանցել:

Մենք ունենք ավելի մեծ արժանապատվություն, քան այդ ամենը ներկայացնում են:

Սկզբնական շրջանում ապրանքների դեֆիցիտ էր, իսկ այժմ թվացյալ ապրանքատեսակներ կա, կտրոնային համակարգը գործում է, բայց կտրոնները իրացնելու հնարավորություն չկա:

Ես աշխատանքի եմ լինում, չեմ կարողանում հերթեր կանգնել, իսկ աշխատանքից հետո ոչ բանջարեղեն, ոչ միրգ արդեն չի լինում, որ կարողանամ ձեռք բերել:

Ստիպված մեր տատիկին ենք խնդրել, որ մեզ համար հերթ կանգնի, բայց անգամ այդ պարագայում նորից մեզ բաժին չի հասել, միրգ-բանջարեղենը շատ քիչ է, մարդիկ հերթեր են կանգնում ու դատարկաձեռն վերադառնում տուն:

Երբ արդեն դեղորայքի, մանկական սննդի, տակդիրների ու սննդի միաժամանակ դեֆիցիտ առաջացավ, մենք մայրիկներով՝ 30-50 հոգով, մի փոքրիկ ակցիա կազմակերպեցինք Արցախի ԿԽՄԿ-ի դիմաց:

Երկժամյա հովհարային անջատումների ընթացքում շատ ցուրտ էր, երեխային շատ տաք էի հագցնում, որ չմրսի, ես տան միայն մեկ սենյակն էի տաքացնում, որ Սարսանգին վնաս չհասցնեմ, իմ հոգին դրանով հանգիստ էր լինում:  

Օրերը տաքանալուն հետ այդ հարցը որոշակիորեն մեղմացավ, մտածում ենք այս ամենը դիմակայելի է, միայն թե այլևս նոր զոհեր չլինեն:

Ժամանակի ընթացքում ավելի են մեծանում հոգեբանական ճնշումները, երբ գիտակցում ես, որ դու փակուղու մեջ ես, իրավունքներդ ոտնահարվում են: Անգամ եղբորս շիրիմին չենք կարողանում այցելել, ով 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվել և հուղարկավորվել է Հայաստանում:

Անբացատրելի ցավ է, որ ամեն վայրկյան գլխիցդ դուրս չի գալիս, ու քեզ ներսից սպանում է, դե մայրիկիս ապրումների մասին էլ չեմ կարող նկարագրել,դաժան է:

Հաջորդ ամենից մեծ հոգեբանական ճնշումը մեզ համար եղավ փոքրիկ Արցախում նախնական դավաճանական մեղադրանքով ձերբակալումները:

Ցավ եմ ապրում, որ մարդիկ ցանկություն են հայտնում Արցախը լքելու, բայց չեմ կարողանում նաև մեղադրել, ընտանիքներ կան, որ զբաղվում էին ընտանեկան բիզնեսով, և շրջափակման հետևանքով դարձել են անգործ, այդ մարդիկ էլ պետք է կարողանան իրենց երեխաների համար անհրաժեշտ կյանքի մինիմալ պայմանները ապահովել:

Հիմա ես նաև տեսնում եմ, որ միջազգային կառույցների կողմից անկում կա մեր վիճակի մասին բարձարաձայնելու:

Որպես քաղաքացի ես գտնում եմ, որ մենք էլ մեր մեղավորությունը ունենք, որ ամեն օր տարբեր ակցիաներ չենք անում  ուշադրություն գրավելու համար, ամեն ոք իր ռեսուրսները պետք է ուղղի այդ հարցի բարձրաձայնմանը:

Պետությունն էլ իր գործառույթը ունի, պետք է տեղեկատվական քաղաքականությունը ճիշտ վարի:

Մայր Հայաստանը ունի լծակներ մեզ աջակցելու համար, բայց այժմ մենք իրարից հեռացել ենք, որը հայության համար անընդունելի և անընկալելի պետք է լինի: 

Հայրենաճանաչությունը պետք է բարձրացնել մեր հայրենակիցների մեջ տարբեր օղակներ ներառելով, որ Արցախը ընկալվի որպես Մայր Հայաստանի վիրավոր մասնիկ:

Հուսով եմ, որ Արցախս դիվանագիտական ճանապարհով կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- ասում է Տաթևիկը:

«Ճանապարհը բացվելուց հետո այստեղից դուրս կգա ՞ք» հարցին զրուցակիցս այսպես պատասխանեց.- «Իմ այստեղից դուրս գալու միակ պատճառը կլինի տնտեսական կացությունը, դա էլ ճարահատությունից ելնելով,  ես ինձ չեմ պատկերացնում անգամ իմ հայրենիքի մեկ այլ վայրում՝ Երևանում, Գյումրիում և այլ քաղաքներում:

Ես ամուր եմ կառչած իմ արմատներից, ես չեմ պատկերացնում իմ գյուղի հետ կապի խզումը:

Իսկ ճանապարհը բացվելու պարագայում նորից սկսվելու են շինարարությունները, դրա համար էլ դուրս գալու խնդիր չկա:

Բայց հեռացողներին էլ չեմ կարողանում մեղադրել:

Արցախում պետք է ապրեն այն մարդիկ, ովքեր հոգեպես կայուն են, արցախյան ասույթով՝ կռոները:

Այսօրվա Արցախում բնակվող ցանկանած անձ ինձ համար շատ կարևոր առաքելություն է ստանձնել Արցախը չհայաթափելու գործում:

--00—ՅՄ