Հայ խորհրդարանականները իսպանացի գործընկերներին են ներկայացրել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

35553d7d-2c1f-44d4-9ec0-fa55012a6a25.jpg

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-27-ը աշխատանքային այցով եղել է Իսպանիայի Թագավորությունում` Մադրիդում: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը և Լիլիթ Գալստյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամների հետ` նախագահ Պաու Մարի Կլոսեի գլխավորությամբ, ինչպես նաև ԵԱՀԿ ԽՎ-ում Իսպանիայի խորհրդարանի պատվիրակության ղեկավար, Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Պերե Ժոան Պոնսի և պատվիրակության անդամների հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը:

Հանդիպումների ընթացքում գոհունակությամբ արձանագրվել է հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի Կլոսեն կարևորել է ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Իսպանիա և միջխորհրդարանական շփումների ակտիվացումը: Նա նշել է, որ մի քանի օր առաջ պատիվ է ունեցել ներկա լինել Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում հայագիտության ամբիոնի բացման արարողությանը:

Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի կողմից Հայաստանին համերաշխություն և աջակցություն, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի կապակցությամբ մտահոգություն հայտնող հայտարարությունների միաձայն ընդունումը: Կարևորվել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության տեղակայումը: ԱԺ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ ԵՄ խորհրդում Իսպանիայի առաջիկա նախագահությունը կնպաստի Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցեր:

Պատվիրակության անդամները հանգամանալից ներկայացրել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` անընդունելի համարելով միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայումը: Այս համատեքստում ընդգծվել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ ԽՎ-ում Իսպանիայի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վեհաժողովի շրջանակում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությանը և Վանկուվերում կայանալիք առաջիկա տարեկան նստաշրջանի աշխատանքներին վերաբերող հարցեր:

--00—ԶՀ